Բավ է պառակտվել
10-03-2015 09:09

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Սլովենիայի ԱԳ նախարարին

Լյուբլյանա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Սլովենիայի փոխվարչապետ, արտգործնախարար Կարլ Էրյավեցի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գերազանց, բարեկամական գնահատեց հայ-սլովենական հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ Էդվարդ Նալբանդյանի այցելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է խորացնել տարբեր ոլորտներում փոխգործակցությունը Սլովենիայի հետ, և դա է իր այցի հիմնական ուղերձը։ Բանակցությունների ընթացքում նախարարները անդրադարձան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի։ Էդվարդ Նալբանդյանն ու Կարլ Էրյավեցը պայմանավորվեցին հավելյալ ջանքեր գործադրել՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով: Զրուցակիցները, կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համաձայնեցին երկու երկրների խորհրդարաններին առաջարկել ձևավորել պատգամավորական բարեկամության խմբեր: Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին նաև մշակութային փոխանակումների ակտիվացումը, գիտակրթական ոլորտում համագործակցության աշխուժացումը և ապակենտրոնացված փոխգործակցության ձևավորումը։ Նախարարները անդրադարձան Հայաստան - ԵՄ համագործակցությանը: Այս համատեքստում արտգործնախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ հիմնվելով ԵՄ հետ վերջին տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա՝ խորացնելու ԵՄ հետ համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները այլ միջազգային, ինտեգրացիոն ձևաչափերում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում և արտերկրում նախատեսված ոգեկոչման միջոցառումներին։ Նախարար Նալբանդյանը նախարար Էրյավեցին ներկայացրեց ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում Սլովենիայի փոխվարչապետը վերահաստատեց իր երկրի անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Կողմերը մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի՝ ուկրաինական ճգնաժամի, մերձավորարևելյան գործընթացների և Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը հրավիրեց այցելել Երևան: