Բավ է պառակտվել
27-01-2017 16:47

Գորբաչովը կոչ է արել Պուտինին և Թրամփին՝ փրկել աշխարհը միջուկային պատերազմից

Միջուկային պատերազմի հնարավոր վտանգը ժամանակակից աշխարհի համար կրկին օրհասական խնդիր է դարձել. Այդպես է կարծում Միխայիլ Գորբաչովը: Time-ի համար գրած իր հոդվածում ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներին կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այնպիսի բանաձև ընդունել, որը հնարավորություն կտա նվազեցնել միջազգային լարվածությունը և «պատերազմն օրենքից դուրս կհայտարարի»:
«Մերօրյա աշխարհը մի շարք բարդությունների է բախվում, և թվում է, թե աշխարհի առաջնորդները շփոթվածության մեջ են»,- Time –ի իր սյունյակում այսպես է գրում ԽՍՀՄ-ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Չնայած դրան, նրա խոսքերով ամենագլխավոր խնդիրը, դա քաղաքականության ռազմականացումն ու սպառազինությունների նոր մրցավազքն է: Այդ իսկ պատճառով, այդ կործանիչ ընթացքի կանխումը պետք է առաջնահերթություն դառնա:
« Շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվում: Գնալով ավելի մեծ թվով զինվորականներ, տանկեր և զրահամեքենաներ են բերվում Եվրոպա: Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի սպառազինությունն ու զորքերը աննշան հեռավորության վրա են գտնվում: Այժմ դրանք միմյանց այնքան մոտ են տեղակայված, որ կարծես թե կրակեու են իրար ճակատի»,- ընդգծվում է հոդվածում:
Սոցիալական կարիքների համար նախատեսված ծախսերը նվազում են, իսկ պաշտպանականինը՝ աճում: Քաղաքական գործիչների ու գեներալների խոսքերը գնալով ավելի ռազմատենչ են դառնում, իսկ ռազմավարական դոկտրինաները՝ ավելի վտանգավոր: Վերլուծաբաններն ու հաղորդավարները ձայնակցում են այդ « ագրեսիվ երգչախմբին»: Տպավորություն է ստեղծվում, որ աշխարհը պատերազմի է պատրաստվում՝ նշում է հոդվածագիրը:
Բայց ամեն ինչ կարողէ այլ կերպ լինել: 1985 թ. Նոյեմբերին, Ժնևում կայացած առաջին գագաթնաժողովի ժամանակ Խորհրդային միության և ԱՄՆ-ի առաջնորդները հայտարարեցին. «միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, և այն երբեք չպետք է տեղի ունենա»: Երկու երկրներն էլ արձանագրեցին , որ ռազմական առավելության չեն ձգտելու: Այդ հայտարարությունից հետո ողջ աշխարհը հանգստացած շունչ քաշեց:
Բայց այսօր միջուկային սպառնալիքը կրկին իրական է թվում: Գերտերությունների փոխհարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում վատանում են, իսկ սպառազինության ավելացման կողմնակիցները և ռազմաարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչները «գոհ-գոհ իրենց ձեռքերն են շփում»:
« Մենք պետք է դուրս գանք այս փակուղուց,- կարծում է Գորբաչովը,- Մենք պետք է վերսկսենք համատեղ որոշումներին և գործողություններին ուղղված քաղաքական երկխոսությունը»:
Գոյություն ունի կարծիք, որ երկխոսության գլխավոր թեման պետք է լինի ահաբեկչության դեմ պայքարը: Դա իրոք կարևոր խնդիր է, որն անհապաղ լուծում է պահանջում, բայց նորմալ, և վերջ ի վերջո գործընկերային հարաբերություններ կառուցելու համար դա դեռ բավարար չէ:
Գորբաչովի կարծիքով նախ անհրաժեշտ է թույլ չտալ, որ կրկին պատերազմ լինի: Անհրաժեշտ է հրաժարվել սպառազինության մրցավազքից և կրճատել դրա քանակը: Համաձայնագիրը պետք է վերաբերվի ո՛չ միայն միջուկային զենքին, այլ նաև հակահրթիռային պաշտպանությանն ու ռազմավարական կայունությանը:
« Ժամանակակից աշխարհում պատերազմը պետք է օրենքից դուրս հայտարարվի, որովհետև գլոբալ խնդիրներից և ոչ մեկը այն ի վիճակի չի լուծել: Այն չի լուծի աղքատության, շրջակա միջավայրի աղտոտվածության, միգրացիայի, բնակչության աճի, կամ ռեսուրսների անբավարարության խնդիրը,- գրում է Սովետական Միության նախկին առաջնորդը:
Նա, միջազգային անվտանգության համար գլխավոր պատասխանատու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում անել առաջին քայլը: Ընդ որում, նոր բանաձևը, որով միջուկային պատերզմը անթույլատրելի կհամարվի, պետք է ընդունվի պետությունների առաջնորդների մակարդակով:
« Կարծում եմ, այդ բանաձևի ընդունման նախաձեռնողները պետք է լինեն Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը: Նրանք ղեկավարում են այն երկրները, որոնք տիրապետում են համաշխարհային միջուկային սպառազինության 90 տոկոսին, և այդ իսկ պատճառով մեծ պատասխանատվություն են կրում»,- նշում է Գորբաչովը:
Եթե աշխարհն ազատվի միջուկային կոնֆլիկտի վախից, ապա մարդիկ ավելի ազատ կդառնան, և արդյունքում շատ խնդիրներ ավելի հեշտ ձևով կլուծվեն՝ եզրափակում է Միխայիլ Գորբաչովը: