Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է, եթե երկու կողմերն էլ մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Հունիսի 27-ին Վաշինգտոնում սկսվել են լ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Մինչ երկկողմ հանդիպման մեկնարկը նրանց հետ առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, տեղի են ունեցել նաև եռակողմ բանակցություններ։
«Միացյալ Նահանգները խրախուսում են Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելու ուղղությամբ և շարունակելու են աջակցել նրանց այդ գործում», - ասել է Միլլերը նախօրեին կայացած ճեպազրույցում` հիշեցնելով, որ. բանակցությունները կտևեն մինչև հինգշաբթի։
Հարցին, թե արդյոք հանդիպումների ժամանակ կբարձրացվի՞ Լաչինի միջանցքի հարցը, Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարն ասել է, որ չի ցանկանա խորանալ կոնկրետ հարցերի մեջ, որոնք բարձրացվում են կոնֆիդենցիալ դիվանագիտական բանակցություններում։
«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը մոտ է։ [...] Մենք հավատում ենք, որ այս շաբաթվա հանդիպումները կարևոր են: Կարծում ենք՝ կարևոր է, որ նրանք առաջընթաց ցույց տան։ Ոստի, ես չեմ խոսի այն մասին, թե ինչ է լինելու մինչև այս եռօրյա հանդիպումների ավարտը, բայց մենք կարծում ենք, որ խաղաղությունը հասանելի է, եթե երկու կողմերը մի կողմ դնեն իրենց տարաձայնություններն», - ասել է նա:
Պատասխանելով բանակցություններից ամերիկյան կողմի ակնկալիքները բարձրաձայնելու խնդրանքին՝ Միլլերը նույնպես ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից։
«Չեմ կարծում, որ մենք ցանկանում ենք խոսել բանակցությունների մասին, որոնք ճանապարհի մեկ երրորդն են անցել»,- հավելել է նա։