Բավ է պառակտվել
07-03-2023 11:56

Պետքարտուղարությունը՝ Արցախում Ադրբեջանի դիվերսիայի մասին. հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Արցախում Ադրբեջանի դիվերսիան և հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու Ռուսաստանի ջանքերը։

Արցախի ՆԳՆ հաղորդմամբ՝ մարտի 5-ին, ժամը 10:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Արցախի տարածք դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող։ Եվս մեկ ծառայող հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում։ Նա վիրահատվել է և գտնվում է Հանրապետական ​​բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն ծանր վիճակում։

«Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում 5 անձանց կյանք խլած փոխհրաձգության միջադեպի մասին հաղորդումներին։ Մենք զորակցություն ենք հայտնում զոհվածների ու վիրավորվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ և վեճերի լուծման նպատակով ուժի կիրառումը երբևէ չի կարող ընդունելի լինել։ Խաղաղության պահպանման միակ ճանապարհը բանակցային սեղանի շուրջ աշխատելն է, իսկ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները։ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լու Բոնոն տարածաշրջանում է՝ ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղղակի երկխոսությունն է և դիվանագիտությունը։ Եվ ինչպես Պետքարտուղարն է ընդգծել, Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին»,- հայտարարել է Նեդ Փրայսը նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով, ամենահստակ եզրակացությունը կողմերի միջև ուղիղ երկխոսությունն ու քննարկումը շարունակելու անհրաժեշտությունն է։ Սա հրամայական է կողմերի համար։

«Մենք երկու երկրների համար էլ գործընկերոջ դեր ենք կատարել՝ նպաստելով եռակողմ ձևաչափով ներգրավվածությանը արտաքին գործերի նախարարների և ղեկավարների մակարդակով: Մենք պատրաստ ենք՝ լինի երկկողմանի, եռակողմ, բազմակողմ ձևաչափով, շարունակել գործընկեր լինել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերի առաջմղման գործում»,- ասել է Փրայսը։

Նա նաև մեկնաբանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե խնդրի լուծման լավագույն տարբերակը Ռուսաստանի միջնորդական ջանքերին հավատարիմ մնալն է։

«Սա հենց կողմերին ուղղված հարց է, և մենք չենք պատրաստվում դեմ լինել միջնորդության որևէ այլ առաջարկի, և իրականում մենք միջնորդ չենք: Մենք երկու երկրների գործընկերն ենք։ Կարծում եմ՝ մենք և՛ խոսքով, և՛ գործով ցույց ենք տվել երկու երկրների հետ մեր հարաբերությունների բնույթը, երկու երկրներին միավորելու մեր կարողությունը, մեր պատրաստակամությունն ու կամքը՝ օգնելու լրացուցիչ առաջընթաց ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում։ Մենք դա չենք անում որպես Մոսկվայի հետ մրցելու միջոց։ Մենք դա անում ենք՝ ձգտելով հասնելու այս երկու երկրների միջև երկարատև վեճի կարգավորմանն ու լուծմանը, և, ցավոք, մի վեճի, որը հետևողականորեն մարդկային կյանքեր է խլում, ինչպես դա տեղի ունեցավ մարտի 5-ին: Մեր շահն այստեղ խաղաղությունը և անվտանգությունն են։ Դա բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերից»,- ասել է Փրայսը։