Բավ է պառակտվել
31-08-2022 13:14

Պետդեպը կոչ է արել Երևանին և Բաքվին ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը և հասնել խաղաղության համաձայնագրի

Միացյալ Նահանգները հավատարիմ են մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Գլոբալ հանրային կապերի բյուրոյի (Bureau of Global Public Affairs) խոսնակ Վեդանտ Պատելը:

«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը և հասնել խաղաղության համապարփակ համաձայնագրի»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում ակտիվորեն քարոզում են տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» բացելու գաղափարը։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Ավելի վաղ, ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարության, թե Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը նախատեսվում է համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի տեքստը պատրաստող խմբի ստեղծման շուրջ, Հայաստանի վարչապետի աշխատակազմից նշել են, որ հանդիպման արդյունքներով համապատասխան հաղորդագրություն կտարածվի։