Միացյալ Նահանգները հետևողականորեն կոչ կանի Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները, ներառյալ բանտարկյալների հիմնարար իրավունքները և ազատությունները, և կշարունակի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հայ լրագրող Այկարամ Նահապետյանի հարցին։
Լրագրողը հետաքրքրվել է Ադրբեջանում բանտարկված հայ զինվորների ու քաղաքական գործիչների ճակատագրով եւ հետաքրքրվել, թե ԱՄՆ վարչակազմն ինչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։ Նա, մասնավորապես, նշեց, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերի մուտքն Ադրբեջան արգելվել է, ինչը անհնարին է դարձնում պաշտպանյալի պաշտպանությունը և խախտում է Վարդանյանի հիմնարար իրավունքները։
«Երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող բանտարկյալների կարգավիճակին, և էլ չեմ խոսում որևէ կոնկրետ դեպքի մասին, դուք տեսաք, թե ինչպես ենք մենք հետևողականորեն կոչ անում Ադրբեջանին հարգել իր երկրում բոլոր մարդկանց, այդ թվում՝ բանտարկյալների մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Դուք տեսաք, որ մենք քայլեր ձեռնարկեցինք, երբ մենք չտեսանք, որ Ադրբեջանը հարգում է Ադրբեջանում բոլոր մարդկանց հիմնական իրավունքները, և մենք կշարունակենք վարել այս քաղաքականությունը»,- ասել է Միլլերը:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Թուրքիա կատարած այցի ընթացքում քննարկել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, Միլլերը պատասխանել է, որ ԱՄՆ-ը պարբերաբար քննարկում է այդ հարաբերությունները երկու երկրների հետ, սակայն դիվանագիտական զրույցների մանրամասների մեջ չի մտնում։