Բավ է պառակտվել
14-12-2022 01:42

Պետդեպը կոչ է արել Ադրբեջանին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցումը ծանր հումանիտար հետևանքներ ունի և վնասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Մենք հստակ հայտարարել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր հումանիտար հետևանքներ ունի, հետ է մղում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը», – ասել է Փրայսը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ երթևեկությունը»։

«Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի ցանկացած կասեցում, և մենք տեսել ենք հաղորդագրություններ էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դադարեցման մասին, կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես ձմռան ամիսներին։ Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելը», – նշել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայացել են որպես բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը։ Մի քանի հարյուր մարդ, հիմնականում ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեկտեմբերի 13-ին բողոքի ցույց են անցկացրել Երևանի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։ Ցուցարարները պահանջել են քաղաքական քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար։

Լաչինի միջանցքը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է։