Լաչինի միջանցքի փակումը պոտենցիալ լուրջ հումանիտար հետևանքներ ունի և, անկեղծ ասած, հետ է մղում հայկական և ադրբեջանական կողմերի միջև խաղաղ գործընթացը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանթ Փաթելը։
«Մենք ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղում բնական գազի մատակարարումը վերականգնվել է։ Էներգետիկ ենթակառուցվածքների խափանումները կարող են հանգեցնել հումանիտար ճգնաժամի։ Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Եվ դա կարելի է անել բանակցությունների միջոցով»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրել, Պատելն ասել է, որ գերադասում է ժամանակացույց չնշել:
Նա հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղարը մեծ հետաքրքրություն և առավելագույն ուշադրություն է ցուցաբերում այդ հարցին։
«Մենք պատրաստվում ենք շարունակել ամենաակտիվ մասնակցությունը և գործը հասցնել մինչև վերջ», - ասաց նա:
Լաչինի միջանցքում և Արցախում տիրող իրավիճակի մասին
Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը փաստացի շրջափակման մեջ է, խախտվել են երկրի 120 հազար բնակչի իրավունքները։ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ադրբեջանական կողմից իբր «էկոլոգիական նկատառումներով» երկկողմանի արգելափակված է։ Արդյունքում ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։
Դեկտեմբերի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախ գազամատակարարումը, ինչի արդյունքում հանրապետությունն անցել է ռեսուրսների առավելագույն խնայողության ռեժիմի՝ բենզինի, դիզվառելիքի և գազի դեֆիցիտի պատճառով։ Գազամատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։