Բավ է պառակտվել
20-03-2023 21:22

ԱՄՆ պետքարտուղարը աջակցություն է առաջարկել Փաշինյանին Երևան-Բաքու խաղաղ բանակցություններում

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը՝ նպաստելու Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններին։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարության մեջ, որը զետեղված է Պետդեպարտամենտի կայքում։

«Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին խաղաղությանն ուղղված Հայաստանի շարունակական հանձնառության համար և կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ չլուծված հարցերի լուծումներ գտնելու համար։ Նա հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն ուղիղ բանակցություններին և դիվանագիտությանը՝ Անդրկովկասում «տևական և կայուն խաղաղություն» ապահովելու համար և շեշտել, որ ռազմական լուծում չկա»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը, իսկ Փաշինյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբ։