ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կարեւոր առաջընթաց է անվանել Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով Ղարաբաղ ապրանքների համաժամանակյա առաքումը։
«Մենք ողջունում ենք մարդասիրական օգնության համաժամանակյա առաքումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ, մոտեցում, որը վերջերս քննարկել ենք նախագահ Ալիևի հետ: Այս մատակարարումները կարևոր քայլ առաջ են, և մենք խրախուսում ենք կողմերին ուղիղ բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչության հումանիտար մատակարարումների հոսքն ավելացնելու վրա»,- ասվում է պետքարտուղարի հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա խնդիրների լուծմանն ու արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու ջանքերին աջակցելուն։
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի կողմից ավելի քան 9 ամիս ապօրինի արգելափակված Լաչինի միջանցքով Հայաստանից ալյուր է առաքվել Արցախի մայրաքաղաք, իսկ Ակնայով (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան արտադրության (Ռուսաստան, Շվեյցարիա) բժշկական և հիգիենայի պարագաներ. Օրերս նույն ուղղություններով կրկին նախատեսվում են բեռների առաքում ԿԽՄԿ մեքենաներով ՌԴ Ռոստով քաղաքից։
Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից ադրբեջանցիների կողմից արգելափակված Լաչինի միջանցքում, որը կապում է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ, մեկուկես ամսից ավելի է, ինչ Հայաստանից 400 տոննա մարդասիրական օգնություն է սպասում Արցախ անցնելու, իսկ օգոստոսի 30-ից սպասում են նաև Ֆրանսիայից ժամանած 10 բեռնատար՝ մարդասիրական բեռներով։
Սեպտեմբերի 12-ին Ադրբեջանից Ակնա (Աղդամ)-Ասկերան երթուղով ռուսական մարդասիրական բեռներ են անցել և հասել Ստեփանակերտ։