Բավ է պառակտվել
26-07-2022 13:16

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Ալիևին ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Այս մասին հայտնել է պետքարտուղարի մամլո ծառայությունը։

«Քարտուղարը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի համար տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ-ի աջակցության առաջարկը՝ տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացմանն օգնելու հարցում: Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպիսին էր, օրինակ, վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ քարտուղարը նաև հաստատել է աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է երկկողմ համագործակցության և փոխգործակցության համախոհ գործընկերների հետ, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։

«Պետքարտուղար Բլինքենը նաև կոչ է արել նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Երկուշաբթի ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ղարաբաղին և գերիների վերադարձին վերաբերող հարցեր։