Մոսկվան կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ՝ նրանց միջև հարաբերությունները կարգավորելու համար, և ներկայումս նախապատրաստվում է խաղաղության պայմանագիրն, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ հետևողական ջանքեր են գործադրվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այս պետությունների միջև խաղաղության պայմանագիր է նախապատրաստվում»,- ասել է նա «Գիտելիք հասարակության» մարաթոնում՝ «Ռուսաստան» ցուցահանդես-ֆորումի շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին։ Նրա խոսքով, համաձայնեցվել են 3 հիմնարար սկզբունք, որոնք կարող են նպաստել խաղաղության հաստատմանը. Սա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է, պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության և օրենսդրության նկատմամբ փոխադարձ հարգանքի վրա:
Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն վեցերորդ անգամ են փոխանակվում խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկներով։ Նա վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ չնայած Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից և Արցախի բնակչության բռնի տեղահանումից բխող նոր ռիսկերին և սպառնալիքներին։