Բավ է պառակտվել
28-12-2020 12:04

Սյունիքում սահմանները ճշգրտվում են «նոր պատերազմից խուսափելու համար». Փաշինյան (հարցազրույց)

Սյունիքի հատվածում տեղի է ունենում սահմանային կետերի ճշգրտման գործընթաց, իսկ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հայկական ուժերի կողմից Զանգելանի ու Ղուբաթլուի վերահսկվող տարածքները հանձնվում են Ադրբեջանին, որպեսզի խուսափեն նոր պատերամզից: Այդ մասին դեկտեմբերի 27-ին Առաջին ալիքի Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցազրույցում վարչապետը հերքեց տարածվող լուրերն այն մաիսն, որ Հայաստանից տարածքներ են զիջվել Ադրբեջանին։ Նա հայտարարեց, որ Ադրբեջանը ՀՀ սահմանից ներս չի մտել։
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը սահմանների դեմարկացիա կամ դելիմիտացիա չէ: «Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունենում, այլ որոշակի սահմանային կետերի ճշգրտում է ընթանում», - ասաց ն աու հավելեց, որ այդ գործընթացը տեղի է ունենում՝ հաշվի առնելով այն Հայաստանի ԽՍՀ տարածքի սահմանները։
«Հայաստանն անկախություն է ստացել որոշակի տարածքում, դա Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է։ Սյունիքի մարզը, որը գոյություն է ունեցել Խորհրդային Հայաստանում, նույն ձևով անձեռնմխելի գոյություն ունի նաև հիմա»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը չբացառեց, որ հնարավոր է տրանսպորտային կոմունիկացիաների որոշակի բարդություններ ծագեն, բայց դրանք, նրա խոսքով, «լուծելի հարցեր են, լուծվում են և կլուծվեն»։
Նա համոզված է, որ սահմանների ճշգրտման կնճռոտ հարցերը լուծվում են «նոր պատերազմից խուսափելու համար»։ «Այս պարագայում այն միջոցները, որոնք որ ձեռնարկվել են, ձեռնարկվում են Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց վարչապետն ու հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլույի և Զանգելանի 90 և ավելի տոկոսը արդեն իսկ ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո էր։
Նա հայտնեց, որ եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ «մենք պետք է սահմանային կետերի, ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք»։ «Այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այդ հարցի շուրջ կարող է բռնկվել նոր պատերազմ ու անցում կատարել Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ձեռնարկված միջոցի էությունը, ըստ Փաշինյանի, այն է, որ վերահսկողության տակ գտնվող տարածքը համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ, այդ դեպքում ՌԴ-ի անվտանգային պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ, գործարկելու որևէ խոչընդոտ չլինի:
Այս համատեքստում նա հիշեցրեց պատերազմի ընթացքում հաճախ հնչող հարցապնդումը, թե ինչու Ռուսաստանն օգնության չհասավ։ «Պատճառը պարզ էր․ ՌԴ-ն փոխադարձ օգնության պայմանագիր կնքել է ՀՀ տարածքի համար, իսկ պատերազմական գործողությունները տեղի էին ունենում Հայաստանի տարածքից դուրս», - պարզաբանեց նա։
Փաշինյանը մեկ այլ հարց էլ բարձրացրեց, թե ինչու միջոցներ չեն ձեռնարկվել արցախյան պատեազմը կանխելու համար։ Ըստ նրա՝ տարբերակը մեկն էր՝ յոթ տարածքների վերադարձը։ Նույն տրամաբանությամբ, ըստ Փաշինյանի, ներկայում կանխվել է նոր պատերազմ՝ Զանգելանի ու Կուբաթլույի տարածքների մասով կայացրած որոշումների համատեքստում։

Արմինե Գևորգյան