Բավ է պառակտվել
19-01-2016 16:45

ՀՅԴ-ն ընդունել է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու առաջարկը. Հրանտ Մարգարյան

«Մենք մինչև վերջին հանրաքվեն, երբ մեզ ասում էին, մենք երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք: Մինչև այս պահը, որ ես Ձեզ հետ խոսում եմ, նման որևէ բան մեր մեջ տեղի չի ունեցել և չի ունենում: Այսօր պիտի ասեմ, որ այսօր տեղի է ունենում, և ես թաքցնելու խնդիր չունեմ: Հարցը նրանումն է, որ, այո՛, մենք պատասխանատվությամբ ենք գնացել նոր Սահմանադրության ընդունմանը: Դաշնակցությունը մեծ բեռ է վերցրել իր վրա, Դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է վերցրել՝ համոզումով, հավատքով գնալով սահմանադրական փոփոխություններին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրենք այդ առումով, այդ Սահմանադրությունն իրագործելու առումով, այդ Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Դրա համար մենք համաձայն ենք համագործակցության», - ասել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով՝ առայժմ դժվար է ասել, թե կոալիցիան իշխանության հետ ինչ ձև կստանա, որովհետև դեռ գտնվում են «բանակցությունների նախնական փուլում»․ - «Եղել է առաջարկությունը, և մեզ համար դա սկզբունքորեն ընդունվել է, որ պետք է ունենանք համագործակցություն Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Բայց ուրիշ որևէ խոսակցություն առայժմ տեղի չի ունեցել»:
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը նաև դժվարացել է նշել՝ իշխող կոալիցիայի մաս են կազմելու 2017-ի խորհրդարանական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո․ - «Ես դեռ չեմ կարող ասել, որովհետև իրականության մեջ իրական կոալիցիա կարող է լինել խորհրդարանական ընտրությունից հետո: Որովհետև կուսակցությունները խորհրդարանի մեջ մեծամասնություն ունենալու համար իրար պետք է պետք ունենան: Դա է իրական կոալիցիան»: