Բավ է պառակտվել
14-09-2018 11:48

Հայաստանի քաղաքացիներն ավելի կարևոր մասնակցություն պետք է ունենան երկրի կառավարմանը

 

Նախօրեին երկօրյա պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է հանրապետության կառավարության մամլո ծառայությունը։

Իր ելույթի ժամանակ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանում կառավարման նոր համակարգ է ձևավորվում՝ ժողովրդավարություն։

 

“Քանի որ այս արտահայտությունը թյուրըմբռնումների տեղիք է տալիս, ցանկանում եմ նշել, որ դա ասելով նկատի ունեմ, որ Հայաստանի քաղաքացիներն ավելի կարևոր մասնակցություն պետք է ունենան երկրի կառավարմանը, մասնավորապես հանրաքվեների միջոցով: Կարծում եմ` Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում”, - ասել է նա:

Այս առումով վարչապետն ավելացրել է, որ հայ ժողովուրդը և Հայաստանը ստանձնել են մի դերակատարում, որը գլոբալ նշանակություն ունի։

“Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն ունի ներուժ, պատմություն և հմտություն աշխարհում նոր համակարգերի ստեղծման ճանապարհին իր դերակատարումն ունենալու համար”,- ընդգծել է նա:

Փաշինյանը պատասխանել է ներկաների՝ Հայաստանում կատարված փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանն ու այլ թեմաներին վերաբերող հարցերին։

Նույն օրն ավելի վաղ Փաշինյանն այցելել է փարիզյան “Երևան” պուրակ և ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին։