Բավ է պառակտվել
03-02-2022 18:56

Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք և ընկերություններ են գնում. Քերոբյան (տեսանյութ)

Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում միշտ էլ գնել են անշարժ գույք և ընկերություններ։ Այս մասին հինգշաբթի ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա այսպես մեկնաբանեց տեղեկությունները, թե վերջին ժամանակներս թուրքերը Հայաստանում անշարժ գույքի սեփականատեր են դառնում։

«Միշտ էլ այդպես է եղել, օրինակ՝ գնել են անշարժ գույք, ընկերություններ»,- նշեց Քերոբյանը։

Նա չպատասխանեց հարցին, թե որ ընկերությունների և որքան ներդրված միջոցների մասին է խոսքը՝ չցանկանալով բարձրաձայնել այդ թիվը։ Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների ձեռք բերված գույքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար նախարարն առաջարկեց լրագրողներին դիմել Կադաստրի կոմիտե, Պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։

Քերոբյանը բացասական պատասխան տվեց նաև այն հարցին, թե արդյոք Հայաստանում ռազմավարություն է մշակվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում երկրի ռազմավարական շահերը պաշտպանելու համար։

Հայ-թուրքական առաջին հանդիպման մասին

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի շուրջ։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների, երկրորդ հանդիպման օրն ու վայրը կորոշվի պատշաճ ժամանակ դիվանագիտական ​​ուղիներով։

ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան ողջունում է կողմերի առաջին հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում և աջակցություն խոստացավ ուղիղ երկխոսության հաստատման հարցում։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին

1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, բայց մինչ օրս հրաժարվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

1993-ին Թուրքիան միակողմանիորեն փակեց իր օդային և ցամաքային սահմանները Հայաստանի հետ: Օդային սահմանը բացվել էր 1995-ին` միջազգային հանրության ճնշման ներքո: Ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք անընդունելի պայմաններ, մասնավորապես` հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից:

1991 թվականից ի վեր արվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման մի շարք փորձեր, որոնք արդյունք չեն տվել Թուրքիայի դիրքորոշման պատճառով:

Հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008-ի աշնանը նախաձեռնել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը: 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն 2010 թվականի ապրիլի 22-ին Սարգսյանն իր հրամանագրով կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել այն։