Բավ է պառակտվել
09-07-2020 13:30

Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ․Վարչապետ

Միայն մեկ օրում աշխարհում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են հարյուր հազարը, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ընդհանոր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը։
«Երկրներ, որոնք հայտարարել էին, թե հաղթահարել են կորոնավիրուսը, ցավոք, վերադառնում են կրկին համաճարակի ամենաակտիվ փուլ։ Ես ուզում եմ ընդգծել, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ հաստատված է համարում՝ օդի միջոցով վարակը կարող է տարածվել, սա այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք ու այս առումով կարևորվում է դիմակների կրումը, այդ թվում, բաց տարածքներում», - ասաց նա։
«Ես կրկին ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը կամ մոտեցնել զրոյի», - ասաց նա։
Վարչապետը հիշեցրեց, որ երեկ պարետը նոր որոշում է կայացրել, որով մի շարք հիվանդություններ ունեցող անձինք բաց տարածքներում կարող են դիմակ չկրել։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տուգանքների հետ կապված հայտնի շրջանակները փորձում են շահարկումներ անել։
«Այո, մենք ասում ենք, որ ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը ու այս ճանապարհին մենք հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ ու մեր նպատակը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ՝ այնպես անելը, որ մեր այն հայրենակիցները, ում համար մոտիվացիան կարող է լինել տուգանքից խուսափելը, այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որպեսզի նրանք դիմակ կրեն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ», - ասաց ՀՀ վարչապետը։
սօր կառավարության հերթական նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ արդեն մի քանի օր է` հոսպիտալացման իր հերթին սպասող ՀՀ քաղաքացի չկա:
«Նաև շատ փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը և նրանք պետք է տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ: Նրանց թիվն առավոտյան 13 էր և օրվա ընթացքում տատանվում է այդ թվի շուրջ: Այս թվերը նշանակում են, որ բուժօգնության կարիք ունեցողներին այդ օգնությունը մատուցվում է, համակարգի ծանրաբեռնվածությունը մնում է լարված այնքանով, որ այս նոր մարտահրավերը դեռ նոր ռիսկ է պարունակում բոլորիս համար, և մենք պետք է շարունակենք բոլոր հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը: Նոր ծավալումներ դեռ լինելու են մոտակա շաբաթներին ու ամիսներին: Բայց արձանագրենք, որ վիճակը մնում է կայուն, բայց ծանր»,- ասաց Թորոսյանը:

Արսեն Թորոսյանը հավելեց, որ «Էրեբունի» ԲԿ-ի նոր բաժանմունքը գրեթե պատրաստ է ու կբացվի արդեն հաջորդ շաբաթ, իսկ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լայնածավալ շինարարություն է մեկնարկել, որը կավարտվի մոտավորապես աշնան սկզբին:
Նրա խոսքով` աշնանն աշխարհում կորոնավիրուսի նոր՝ ավելի հուժկու ալիք է սպասվում, և նոր հիվանդանոցը պատրաստ կլինի հենց այդ նոր ալիքին ընդառաջ։

Վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 526 նոր դեպք և 573 առողջացած։

 

 

Արմինե Գևորգյան