Բավ է պառակտվել
21-05-2016 13:53

Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը. Հույն խորհրդարանականները

Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ ասել են հույն խորհրդարանականները: 

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, աշխատանքային այցով Աթենքում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը նախօրեին հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի առաջին փոխխոսնակ Անաստասիոս Կուրակիսի, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Ստամատակիի և խմբի ղեկավարի տեղակալ Անտոնիս Բալոմենակիսի հետ:
Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, և ոչ ոք չի կարող լռեցնել Արցախի ժողովրդի ազատության ձայնը:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ են զարգանում, կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդման ու զարգացման, պատգամավորական բարեկամության խմբերի ակտիվ գործունեության, ինչպես նաև միջազգային խորհրդարանական հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հույն գործընկերներին տեղեկացրել է, որ մայիսի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտել են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: Նա նշել է, որ այսպիսով ԼՂՀ-ն դարձել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչած հինգերորդ երկիրը:
Էդուարդ Շարմազանովն իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ հույն պատգամավորներն անցյալ ամիս այցելել են Արցախ և Եռաբլուր պանթեոն:

«Ձեր այցը Եռաբլուր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցիք ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի զոհերի հիշատակին, ցույց տվեց, որ հանդիսանում եք համերաշխության իրական ջատագով»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Անաստասիոս Կուրակիսը կարևորել է ցեղասպանությունների, մասնավորապես Պոնտոսի հույների և հայերի ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը:

Հույն պատգամավորներն իրենց երախտագիտությունն են հայտնել Հայաստանի խորհրդարանին նախորդ տարվա մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից միաձայն ընդունված՝ Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ: