Բավ է պառակտվել
02-06-2022 20:58

Հունաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար

Հունիսի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հինգշաբթի ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է հայկական պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը:
Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկա մակարդակը և կարևորել հատկապես ռազմատեխնիկական ուղղությամբ փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Խարդալիասը հաստատել է համագործակցությունը զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը և նշել, որ երկու երկրների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները պարտավորեցնում են առավել խորացնել փոխգործակցությունը` առկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները:

Նույն օրը Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը։ Քննարկվել են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները: