Բավ է պառակտվել
06-10-2014 14:43

ԵԽԽՎ-ում մի խումբ պատգամավորներ ֆինանսավորում են Ադրբեջանին

Հայկական կողմը հայտարարել է, որ չի համագործակցելու Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) զեկուցողի հետ. դա կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել եւ նույնիսկ նրան, որ Հայաստանը կարող է դուրս գալ Եվրախորհրդից: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում «Լեռնային Ղարաբաղում եւ գրավյալ այլ տարածքներում բռնության սրացումը» անվանումով զեկույցի պատրաստման հարցին:
Ըստ Զուրաբյանի՝ ԵԽԽՎ-ում կան մի խումբ պատգամավորներ, որոնք բացահայտորեն ֆինանսավորվում են Ադրբեջանի կողմից: «Բայց եթե Հայաստանի իշխանությունները սկզբունքային լինեին, եթե նրանք պայքարեին զեկույցի վերնագրի փոփոխման համար, եթե նրանք փորձեին փոխել զեկուցողին, հարցը կարող էր լուծվել»,- նշեց Լեւոն Զուրաբյանը:
Չնայած ԵԽԽՎ բանաձեւերն իրավական ուժ չունեն, դրանք, ըստ պատգամավորի, քաղաքական համապատասխան մթնոլորտ են ստեղծում: «Նման ձեւակերպումները հավաքվում են եւ մտածելակերպի օրինակ դառնում միջազգային հանրության համար»,- մտահոգություն հայտնել ՀԱԿ խմբակցության ղեկավարը: