Բավ է պառակտվել
24-10-2022 12:18

ԵԱՀԿ խումբն այցելել է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային գոտին

Հոկտեմբերի 23-ին ԵԱՀԿ կարիքների գնահատման խմբի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, հայտնում են մարզպետարանից։

Մարզպետարանի աշխատակիցները պատվիրակությանը ներկայացրել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացրած վերջին ագրեսիայի հետևանքները։

ԵԱՀԿ առաքելության մասին

ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը Հայաստան կուղարկի կարիքների գնահատման խումբ՝ անվտանգության համակարգային հայեցակարգի շրջանակներում ԵԱՀԿ փորձի և մանդատի հիման վրա հայ-ադրբեջանական սահմանի որոշ շրջաններում իրավիճակը գնահատելու նպատակով։

ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից և միջազգային փորձագետներից բաղկացած տեխնիկական խումբը կայցելի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող շրջաններ և խորհրդակցություններ կանցկացնի տեղական և ազգային համապատասխան շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև՝ միջազգային գործընկերների հետ:

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինուժը լայնածավալ ագրեսիա է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զենքեր, հրետանի, հրթիռային համակարգեր և անօդաչու սարքեր։

Ադրբեջանական զինուժը հրետակոծել է Հայաստանի 36 բնակավայր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի այրվել է ավելի քան 190 բնակելի տուն, էներգետիկ ենթակառուցվածքներ, ջրամատակարարման օբյեկտներ, գազատարներ, կամուրջ և ավտոճանապարհներ։

Վերջին տվյալներով՝ հայկական կողմից զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ, այդ թվում՝ զոհվել է 4 խաղաղ բնակիչ, 2 խաղաղ բնակչի գտնվելու վայրը հայտնի չէ։ 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ վիրավորվել է, շուրջ 20 զինծառայող գերի ընկել։ Ապացույցներ կան ադրբեջանցիների կողմից գերի ընկած կամ վիրավորված հայ զինվորների խոշտանգումների, անդամահատման, և, այսպիսով՝ անօրինական սպանությունների դեպքերի մասին։