Բավ է պառակտվել
09-09-2021 10:36

Վրաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի կիջև․ Ղարիբաշվիլի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամլո ծառայությունը։
Երկու երկրների վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ելույթում հայ-վրացական երկկողմ համագործակցության, ինչպես նաեւ՝ Արցախյան վերջին պատերազմին է անդրադարձ կատարել:
«Ես ծանոթացա պարոն վարչապետի նոր տեսլականին, որը միայն զարգացման հետ է կապված՝ իր երկրի կայուն զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության հետ։ Իհարկե, Ղարաբաղյան պատերազմը մեր տարածաշրջանի համար բարդ մարտահրավեր էր, բայց այժմ, ծանոթանալով պարոն վարչապետի նոր տեսլականին, հավատում եմ, որ տվյալ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին։ Ուզում եմ ասել նաև, որ, իհարկե, մեզ համար մեծ կարևորություն ունի Հայաստանի կայունությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, և դա անմիջապես կապված է մեր երկրի և ողջ տարածաշրջանի կայունության հետ»,- ասել է Ղարիբաշվիլին։։
Նա այդ ընդհանուր տարածաշրջանային նպատակը բնութագրել է 3 բառով. խաղաղություն, կայունություն և բարեկեցություն, որը միավորում է տարածաշրջանի բոլոր երեք երկրները։
«Վրաստանն, ինչպես հայտնի է, միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից։ Մենք սա որոշ ժամանակ առաջ գործով ապացուցեցինք. մի քանի ամիս առաջ մեզ հնարավորություն տրվեց Վրաստանի և, մասնավորապես, իմ միջնորդությամբ և պարոն վարչապետի անմիջական մասնակցությամբ և ցանկությամբ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ջանքերով՝ երեք երկրների առաջնորդներով հասանք հաջողության, որը կապված էր հայ գերիների վերադարձի և Ադրբեջանին քարտեզների փաստաթղթերի փոխանցման հետ։ Այս հաջող նախադեպը մեզ տալիս է լավատեսության հնարավորություն»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։
Նա հավաստիացրել է Փաշինյանին, որ Վրաստանը կշարունակի ակտիվ միջնորդի դերը, որպեսզի վերականգնվի վստահությունը, որը հետագա համագործակցության ակնյունաքարն է։
«Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության նոր գաղափարներ, նոր նախագծեր։ Իհարկե, մենք քննարկեցինք հարցեր, որոնք կապված են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, կապի հետ։ Այդ թվում՝ զանգվածային նախագծերի մասին խոսեցինք, որ ունի վարչապետը։ Խոսեցինք զբոսաշրջության, էներգետիկայի, մշակույթի, կրթության մասին։ Սրանք այն հարցերն են, որոնք այսօր քննարկել ենք և որի շուրջ ունենք բացարձակ համընկում»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա նշել է, որ Վրաստանն ունի հետաքրքիր տարանցիկ ներուժ։ Երկու երկրների ունեցած այդ ողջ ներուժը ամբողջությամբ պետք է օգտագործվի և յուրացվի։
«Ուզում եմ նշել նաև, որ տարածաշրջանում, որտեղ վերջին 30 տարվա ընթացքում բազմաթիվ հակամարտություններ են եղել և դեռ կան լուծելու, մեր ընդհանուր տեսլականը ու ջանքը պետք է լինի այն, որ փուլերով, այս տարածաշրջանը վերածենք նոր հնարավորությունների, զարգացման ու խաղաղության տարածաշրջանի։ Սա պետք է լինի մեր գլխավոր տեսլականը, և հենց այդ ուղղությամբ կշարունակենք աշխատել»,- ասել է Ղարիբաշվիլին։
Փաշինյանն, իր հերթին, նշել է, որ քննարկումների, բանակցությունների մեծ մասը նվիրված է եղել տարածաշրջանի խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին։
«Այո, մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ, ցավոք, մեր տարածաշրջանում բազմաթիվ չլուծված հարցեր, կոնֆլիկտներ և սպառնալիքներ կան, բայց մենք մեր երկխոսության մեջ փորձում ենք ավելի շատ իրար օգնել, որպեսզի կենտրոնանանք հնարավորությունների վրա, որոնք զուգահեռաբար գոյություն ունեն։ Կարծում եմ՝ հնարավորությունների օգտագործման հարցում իրար աջակցելը հենց այդ բանաձևն է, որը պիտի մեզ համար ավելի հնարավոր և հասանելի դարձնի ռիսկերի կառավարումը»,- ասել է Փաշինյանը։
Նա շնորհակալություն է հայտնելՂարիբաշվիլիին հունիսին 15 հայ գերիներին վերադարձի, հայրենադարձման գործում ցուցաբերած աջակցության համար։
«Մենք քննարկեցինք նաև տարանցման այն հնարավորությունները, որ գոյություն ունեն։ Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին վերցրած Հայաստանի և առանձին վերցրած Վրաստանի տարանցման հնարավորություններին։ Մենք քննարկում էինք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փոխադարձաբար միմյանց պոտենցիալն ավելի մեծանա։ Այդ առումով հիմա, տեղյակ եք, որ իրականացվում են նախագծեր էներգետիկայի ոլորտում, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում նույնպես քննարկում ենք ծրագրեր, և հույս ունեմ, որ հնարավոր լուծումներից մեզ կհաջողվի գտնել ամենաարդյունավետ տարբերակը»,- ասել է Փաշինյանը։
Նա արձանագրել է, որ երկու երկրների մասնագետները համագործակցել և շարունակում են համագործակցել կորոնավիրուսի համավարակի համատեքստում։
«Իհարկե, մեր հարաբերությունների համար չափազանց կարևոր գործոն է Վրաստանում հոծ հայկական համայնքի ներկայությունը։ Մեր դիրքորոշումն այն է, որ Վրաստանի հայությունը՝ որպես Վրաստանի լիիրավ և լիարժեք քաղաքացիներ, պետք է շարունակեն ծառայել, լինել կարևորագույն առանցքային գործոն Վրաստանի կայունության, միասնության, զարգացման գործում, և սա այն դիրքորոշումն է, որը մենք ունենք, արտահայտում ենք։ Նաև պիտի շնորհակալութուն հայտնեմ Վրաստանի կառավարությանը՝ այն բոլոր հնարավորությունների համար, որ ստեղծված են Վրաստանի հայության ինքնության պահպանման և զարգացման համար։ Սա մի թեմա է, որը մեզ միավորում է, մեր հարաբերությունները դարձնում է առավել արդյունավետ, առավել հեռանկարային և ռազմավարական»,- ասել է Փաշինյանը։