Բավ է պառակտվել
30-11-2020 18:36

«Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ սպասում է Կառավարության որոշմանը». Խորհրդական

Այսօր մի քանի լրատվամիջոցներ՝ հղում անելով իրենց աղբյուրներին, գրել են, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

168.am-ի հետ զրույցում Հունան Պողոսյանի խորհրդական Արմինե Ավագյանը հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով․

«Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն այս պահին նա շարունակում է պաշտոնավարել մինչև Կառավարության կողմից կլինի համապատասխան որոշումը։ Ես հրաժարականի պատճառների վերաբերյալ մեկնաբանություններ չեմ կարող անել»։

Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որ Կապանի օդանավակայանը նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած եռակողմ համաձայնագրով նույնպես անցնելու է թշնամուն, մեր զրուցակիցն ասաց, որ որևէ տեղեկատվություն չի կարող տալ, այդ մասին արդեն խոսել է Կապանի ղեկավարը։

Հարցին՝ բացի մարզպետից, կա՞ն այլ աշխատակիցներ, որոնք նույնպես հրաժարականի դիմում են ներկայացրել, նա պատասխանեց. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, միայն մարզպետի մասով կարող եմ հաստատել»։

Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հոկտեմբերին, մինչ հեղափոխությունը նա զբաղեցնում էր փոխոստիկանապետի պաշտոնը։ Նրա նշանակման հետ կապված Նիկոլ Փաինյանը տվել էր հետևյալ մեկնաբանությունը. «Այսօր Կապանում զբոսանքի ժամանակ մոտենում էին քաղաքացիներն ու ասում, որ այստեղ փորձ է արվում վերականգնել օլիգարխիական հին տրամաբանությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ ազատագրված Հայաստանի ողնաշարում այսպիսի երևույթները զարգանան: Երբ ես մտածել եմ Սյունիքի մարզպետի թեկնածուի մասին, իմ պատկերացումը եղել է հետևյալը, որ այդ մարդը պետք է լինի զինվորական բարձր կոչում ունեցող մարդ, որ կարողանա դիմակայել այդ երևույթների դեմ: Ես կանգ եմ առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա: Ոչ մի գաղտնիք չկա` ով է Հունան Պողոսյանը, ով եմ ես: Վերջին անգամ մենք հանդիպել ենք փշալարերից այն կողմ, պարոն Պողոսյանը ինձ նստեցրեց մեքենա, ուղարկեց հիվանդանոց: Այսօր հարցեր են հնչում, ասում են Հունան Պողոսյանը բարձրաստիճան ոստիկան էր` բարիկադի հակառակ կողմում: Այդ նույն քննադատությունները հնչում էին այն ժամանակ, երբ ես ՀՀ ոստիկանապետ նշանակեցի Վալերիյ Օսիպյանին, նույնը՝ երբ ԱԱԾ տնօրեն նշանակեցի Արթուր Վանեցյանին: Երբ մենք քայլում ենք փողոցով, մարդիկ նրանց ողջունում ու շնորհակալություն են հայտնում: Պարոն Պողոսյան, հույս ունեմ, որ հաջորդ անգամ, երբ զբոսնենք, նույնը կլինի նաև Կապանում ու ամբողջ Սյունիքում: Հանձնարարել եմ մարզպետին` ապահովել լիարժեք օրինականությունը, ապահովել նոր ներդրողների համար պայմաններ, ապահովել, որ յուրաքանչյուր ներդրում դառնա իրականություն, ամենակարևորը` ապահովել Սյունիքի քաղաքացիների ազատությունը կրիմինալ և որևէ այլ ճնշումներից: Հունան Պողոսյանը պետք է ապահովի ժողովրդի ապահովությունը, որովհետև նա նշանակված է ժողովրդի կառավարության կողմից, ու այլ կերպ լինել չի կարող»։

Հիշեցնենք նաև, որ նշանակումից հետո, Հունան Պողոսյանն ասել էր, որ վարչապետի՝ մարզպետ նշանակվելու առաջարկը սիրով է ընդունել։