Բավ է պառակտվել
12-05-2014 11:05

ԼՂ հակամարտության կարգավորման վերավերյալ Ուորլիքի հայտարարության հետ համանախագահները համամիտ են

Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ տարածաշրջանի ժողովուրդներին կոչ անելով մտորել վերջին երկու տասնամյակների ժառանգության շուրջ։
Հաղորդագրության մեջ ասված է. «Այդ համաձայնագիրը վերջ դրեց իրական պատերազմին, կանգնեցրեց ողբերգական բռնություններն ու հիմքեր ստեղծեց բանակցությունների համար, որոնք կողմերին առաջարկվում են խաղաղության հասնելու համար։ Ձեռք բերված հրադադարի շնորհիվ հայերի և ադրբեջանցիների նոր սերունդ՝ մեծացավ չիմանալով պատերազմի սարսափների մասին։ Կողմերը պետք է անեն հնարավորը՝ ապագա սերունդներին նման փորձառությունից զերծ պահելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Մինսկի խմբի համանախագահները, սակայն, նշում են, որ հրադադարի մասին համաձայնագիրը չի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

«Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են գրավյալ մնալ և համաձայնագիրը չի կարողացել լուծել ԼՂ կարգավիճակի հարցը։ Վերջնական կարգավորման բացակայությունը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց տեղահանության շարունակականությանը, միջազգային սահմանին և շփման գծում բռնության սրացման սպառնալիքին, ինչպես նաև որոշ շրջանակներում մոլորության, թե ստատուս քվոն կարող է հավերժ շարունակվել»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ կողմերը քիչ ցանկություն են ցուցաբերում օգտվելու համանախագահ երկրների առաջարկություններից կամ քաղաքական որոշումներից, որոնք անհրաժեշտ են հակամարտության խաղաղ կարգավորման համար։

«Մենք միասնական դիրքորոշում ունենք այս հակամարտության հարցում և, ինչպես առաջ, հավատարիմ ենք կողմերին օգնելու հարցում՝ կարճ ժամանակում հասնելու խաղաղ կարգավորման՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, որոնք հիմնված են ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ազգերի հավասարության և ինքնորոշման իրավունքի վրա։

Հակամարտության լուծումը պետք է ներառի տարրեր, որոնք նշված են համանախագահ երկրների նախագահների՝ 2009-2013թթ.-ի հայտարարությունների մեջ, և նախատեսում են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ և ինքնիշխանության ու անվտանգության երաշխիքներ, միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին, ԼՂ վերջնական կարգավիճակ, որը կորոշվի ապագայում՝ իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտման շնորհիվ, բոլոր փախստականների վերադարձ, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ՝ այդ թվում խաղաղապահ գործողություններ»,-ասել են համանախագահները։

Նրանք հիշեցրել են, որ նոյեմբերին տեղի է ունեցել ամենաբարձր մակարդակով երկխոսության վերսկսկումը։ «Մենք կողմերին կոչ ենք անում սկսել կառուցողական բանակցություններ, որոնք կբերեն խաղաղ կարգավորման՝ հիմնված այդ տարրերի վրա՝ հակամարտության կարգավորման հասնելու նպատակով։ Նման համաձայնությունն անհնար կլինի առանց հայ և ադրբեջանցի ժողովուրդների վստահության և փոխըմբռնման։ Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղ և անվտանգ, և մենք պատրաստ ենք օգնել այդ հարցում։ Երբ ձեռնարկվեն միջոցառումներ, դրանք տեղի կունենան ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության լիակատար աջակցությամբ»: