Բավ է պառակտվել
16-10-2014 09:55

Արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետին

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի գլխավոր դեպարտամենտի պետ Էրիկ Ֆուրնյեին, ով Հայաստան է ժամանել՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անցկացվող խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին` արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ֆրանսիական երկկողմ առանձնաշնորհյալ հարաբերություններում առկա բարձր մակարդակի և ինտենսիվ շփումների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նպաստավոր դաշտ են ստեղծում՝ երկու երկրների միջև առկա բազմաբնույթ համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ: Կողմերը քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները, այդ ձևաչափով ընթացող համագործակցությունը: Հանդիպման օրակարգում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցության սերտացման հարցերը։ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ քննարկումների ընթացքում նախարար Նալբանդյանը կարևորեց Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միասնական ջանքերն` ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։