Բավ է պառակտվել
11-02-2020 18:07

Հանրաքվեի քարոզարշավը կտևի 44 օր, կարժենա 2.5 մլրդ դրամ


Փետրվարի 17-ից կմեկնարկի Հանրաքվեի քարոզարշավը։ ԿԸՀ-ն այսօրվա նիստում հաստատել է միջոցառումների ժամանակացույցը։ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ քարոզարշավի համար սահմանված է 44 օր ժամկետ։ Մինչ այդ նախատեսված է, որ պետք է ձեւավորվեն «այո»-ի եւ «ոչ»-ի ճամբարներ։ Հայտնի է, որ ՔՊ-ն արդեն ձեւավորել է «այո»-ի շտաբ, որը կղեկավարի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ոչ»-ի ճամբարի ձեւավորման հետ կապված խնդիրը, սակայն, դեռ պարզ չէ։
Հանրաքվեի կազմակերպական աշխատանքների համար ժամկետները կարճ են, սակայն, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ օրենքով ամրագրված ժամկետները լիարժեքորեն կպահպանվեն։ Հանրաքվեի անցկացման համար բյուջեից կհատկացվի մոտ 2.5 մլրդ դրամ։
«Մենք այսօր ունենք մեկ առաքելություն՝ Ընտրական օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան կազմակերպել գործընթացը, մեր թիվ մեկ խնդիրը դա է: Այսօր մեր բոլոր գործընթացները փորձում ենք կազմակերպել այն հաշվով, որ հանրաքվե անցկացնելու համար պատշաճ պահպանվեն օրենքով սահմանված բոլոր ժամկետներն ու պահանջները, դա է այսօրվա մեր թիվ մեկ խնդիրը»,–ասաց Մուկուչյանը։
Անդրադառնալով ընդդիմության դիտարկմանը, որ քարոզարշավը դեռ չսկսված իշխանական քարոզչամեքենան ամենաբարձր մակարդակով գործի է դրվել, և օրինակ են բերում վարչապետի հայտարարությունները՝ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ անգամ Հանրաքվեի մասին օրենքում է գրված՝ օրենքով սահմանված ժամանակահատվածից դուրս կարող է քարոզչություն իրականացվել:
Հիշեցնենք, որ այս մասին բարձրաձայնել էր ԼԿՀ –ից Տարոն Սիմոնյանը, ասելով որ արդեն ամենաբարձր մակարդակով քարոզչամեքենան գործի է դրվել, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համերգի ժամանակ դիմել էր սփյուռքահայերին՝ կոչ անելով գալ և մասնակցել հանրաքվեին:
«Դրա հնարավորությունը նախատեսված է: Քարոզչության ժամանակահատվածը սահմանվում է այն հաշվով, որ որոշ սահմանափակ ռեսուսրների նկատմամբ կիրառվեն որոշակի կանոնակարգումներ և քարոզչության կողմերի համար այդ ժամանակահատվածում պահպանվի հավասարություն»,–ասաց Մուկուչյանը։

 

 

Արմինե Գևորգյան