Բավ է պառակտվել
01-09-2020 09:21

Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը փոխգործակցության տրամաբանություն ունի․ Զ․ Մնացականյան

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և չի կարող սահմանափակվել որևէ բանով, «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հայաստանը տարածաշրջանային անվտանգության պատասխանատու մասնակից է: Եվ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը որևէ կերպ ուղղված չէ երրորդ երկրների դեմ», - ասել է Մնացականյանը:
«Ռազմատեխնիկական ոլորտում մեր փոխգործակցությունը հիմնված է փոխադարձ անվտանգության շահերի վրա և իրականացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող համաձայնագրերի, պայմանավորվածությունների և աշխատանքային ծրագրերի հիման վրա», - նշել է նա՝ ընդգծելով, որ «Ռուսաստանը չի խաթարում տարածաշրջանում հավասարակշռությունը»:
Ըստ ՀՀ ԱԳՆ ղեկավարի՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը դաշնակցային փոխազդեցություն է:
«Այսինքն՝ այստեղ հարց ու սահմանափակում չի կարող լինել», - հայտարարել է Մնացականյանը:
Պատասխանելով հարցին՝ արդյոք իրեն մտահոգո՞ւմ է Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունը, նախարարն ասել է.

«Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը փոխգործակցության իր տրամաբանությունն ունի, այն կառուցված է դաշնակցային հիմքերի վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին և այս ոլորտում համագործակցությանը, կցանկանայի նշել, որ Ադրբեջանն ամեն կերպ ավելացնում է իր ռազմական ներուժը՝ փորձելով համոզել սեփական բնակչությանը և համաշխարհային հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ներուժ ունի»:
«Իր ռազմական ներուժի կայացման ադրբեջանական տրամաբանությունն ուղղված է հակամարտության ռազմական լուծմանը, որը վտանգ է ներկայացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար», - ասել է Մնացականյանը:
Նա հայտնել է, որ Երևանը բարձրացնում է այդ հարցը ռուս գործընկերների հետ շփումների ընթացքում:

«Մենք բացահայտ և անկեղծորեն քննարկում ենք բոլոր հարցերը ռուսական կողմի հետ. մենք ունենք դաշնակցային հարաբերություններ», - ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին Հայաստանի արտաքին գործերի նախարար հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ՝ Ղարաբաղյան կարգավորումը քննարկելու համար:
«Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել, և, իհարկե, մենք պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը: Եվ ես կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը կայանում է նրանում, որ պետք է փնտրել փոխզիջումներ, ապահովել անվտանգություն, հրաժարվել ուժի կիրառումից և մաքսիմալիստական մոտեցումներից», - ասել է նա: