Բավ է պառակտվել
11-10-2019 16:15

Հայաստանի ու Ռուսաստանի միջև լուրջ ճգնաժամ չկա՞

Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների երկխոսության կազմակերպումը մեր երկրիր տարածքում «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության առաջնորդը Արման Ղուկասյանը որակում է ԵԱՏՄ գագաթնաժողովի կարևոր պահերից մեկը: Նա հիշեցնում է, որ Վլադիմիր Պուտինը 2015 թվականից սկսած չի այցելել Հայաստան, և անցկացրած հանդիպումները, անշուշտ, նպաստում են, որ ընդհանուր առմամբ դրական մթնոլորտ պահպանվի երկու երկրների հարաբերություններում:
«Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը վերջին շրջանում ևս մեկ կարևորում դրսևորում ստացավ՝ Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու տեսանկյունից, ինչպես նաև ռազմատեխնիկական և էներգետիկ ոլորտներում երկկողմ խոշոր նախագծերի իրականացմամբ: Այնուամենայնիվ, հոկտեմբերի 1-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ-ռուսական հարաբերությունները գնահատելիս այսօր անհրաժեշտ է ոչ այնքան իրադարձությունների արտաքին կողմը ֆիքսել (ձեռքսեղմումներ, սելֆի և այլն-խմբ), այլ օրակարգի բովանդակության և ձեռք բերված կամ ձեռք բերվելիք պայմանավորվածությունների վրա ուշադրությունը կենտրոնացնել», - ասաց Ղուկասյանը։
Բանախոսը ավելի քան համոզված է,որ հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը փորձեց ցույց տալ, որ տեղի են ունեցել լիարժեք բանակցություններ Ռուսաստանի ղեկավարի հետ, ինչը, չափազանցություն է:
«Բանակցությունները մասնատվել են, չի հայտարարվել երկկողմ օրակարգի առանցքային հարցերի ոչ մի լուծման մասին.մասնավորապես, հստակություն չկա գազի գնի վերաբերյալ։ Լարվածությունը շարունակում է մնալ նաև ՀԿԵ-ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների՝ Հայաստանի տնտեսությունում երկու կարևոր ռազմավարական ներդրողների շուրջ»,–ասաց Ղուկասյանը։
Իսկ Վլադիմիր Պուտինի կողմից Նիկոլ Փաշինյանին Մոսկվա այցելելու արված առաջարկը համարեց հրատապ հրավեր՝ քննարկելու առկա հարցերի ողջ սպեկտորը։
«Այս բոլոր խնդիրները, իրոք կան և պետք է լուծվեն միայն մեր երկրների միջև բանակցությունների և երկխոսության միջոցով: Եվ արդեն իսկ կա որոշակի առաջընթաց, քանի որ ԵԱՏՄ գագաթնաժողովից մի քանի օր անց Երևան են ժամանել Ռուսաստանի տրանսպորտի նախարարը և Ռուսաստանի երկաթուղիների խորհրդի գլխավոր տնօրեն-նախագահը»,–ասաց Ղուկասյանը:
Ղուկասյանն ասում է, որ Ռուսաստանը մեր ամենակարևոր ռազմավարական դաշնակիցն է, և, ինչպես բոլոր գործընկերների միջև, մենք նաև խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծվեն փոխըմբռնման միջոցով։
Սակայն չի կիսում այն տեսակետը,որ հայ-ռուսական հարաբերություններում առկա է լուրջ ճգնաժամ,քանի որ դրանք չափազանցված են:
Ավելին բանախոսը հակված է մտածելու, որ նման հայտարարությունները և գնահատականները վնասում են մեր հարաբերություններին և հիմնականում վնասում են հենց Հայաստանի շահերին:
«Ինչ ճգնաժամի մասին է խոսքը, եթե Ռուսաստանը շարունակում է Հայաստանին զենք մատակարարել նախկինում ստորագրված պայմանագրերով և ներքին գներով, չկան Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազայի գործունեության հետ կապված խնդիրներ, և այլ ոլորտներում նույնպես խնդիրներ չկան: Կրկնում եմ՝ առկա խնդրահարույց պահերը պետք է լուծվեն կառուցողական երկխոսության միջոցով՝ հայ-ռուսական հարաբերությունների դինամիկ զարգացման շրջանակներում», - շեշտեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության առաջնորդը:

 

Արմինե Գևորգյան