Բավ է պառակտվել
22-06-2018 20:32

Հայաստանում տեղի է ունեցել իրավապահ համակարգի և ժողովրդի հաշտեցման գործընթացը

Այսօր Հայաստանում տեղի է ունեցել իրավապահ համակարգի և ժողովրդի հաշտեցման գործընթաց, երեկ ոստիկանության զորքերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդգծեց, որ պատմության մեջ եղել են էջեր, որոնք լրջագույն անդունդ են ստեղծել ժողովրդի և ոստիկանության զորքերի միջև։ Փաշինյանը հայտարարեց՝ իրենց գործունեության առաջնահերթությունն այդ անդունդը վերացնելն է։

«Ոստիկանության զորքերը մինչև այժմ հիմնականում ընկալվել են քաղաքական գործառույթների համատեքստում, բայց ես ուզում եմ ընդգծել, որ ոստիկանության զորքերը լրջագույն գործառույթ ունեն հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության գործում, հասարակական անվտանգության պաշտպանության գործում։ Ես համոզված եմ, որ այս նոր իրավիճակում ոստիկանության զորքերը լինելու են այս գործառույթների շրջանակներում։ Ես ուզում եմ ընդգծել ևս մի կարևոր հանգամանք՝ որևէ մեկի մոտ, որևէ կասկած չպետք է լինի, որ ոստիկանության զորքերն անհրաժեշտության դեպքում օրենքով և Սահմանադրությամբ սահմանված դեպքերում լիարժեք, վճռականորեն, օրենքի սահմաններում քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար կկատարեն իրենց գործառույթները վճռականորեն լիարժեք և անմնացորդ։ Մենք բոլորս ծառայում ենք հայ ժողովրդին», - ասաց Վարչապետ Փաշինյանը։