Բավ է պառակտվել
26-11-2019 17:26

Նվերը կա, բայց նվեր տվողի անունը չեն հիշում

Քաղաքապետ Հայկ Մարությանը հերքում է, որ 20 բեռնատարները քաղաքապետարանին Սամվել Ալեքսանյանն է նվիրել, սակայն թե ով է նվիրել այդ դեպքում, քաղաքապետը չի հիշում:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կազմակերպություններին, այն անձանց, ովքեր նվիրատվություն կամ բարեգործություն են անում Երևան համայնքի համար։ Սա շատ կարևոր գործընթաց է, Երևանն, իհարկե, ունի իր բյուջեն, բայց այն խնդիրները, որոնք մենք պետք է լուծենք, շատ ավելի շատ են, քան հերիքացնում է մեր բյուջեն։ Ուստի մեզ պետք է Հայաստանում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների օգնությունը։ Մենք շատ ուրախ ենք, որ կան այդպիսի մարդիկ», - ասաց Հայկ Մարությանը։
Հարցին, թե ինչու՞ են այդ նվերները գաղտնի պահվել, քաղաքապետը նշեց,որ քաղաքացիները ամեն ինչ էլ գիտեն: Որտեղի՞ց՝ հնչեց հաջորդ հարցը՝ Մարությանին, պատասխանեց․«Դե եթե 34-ը մենք ենք գնել, տրամաբանական է, որ մյուսները նվեր ենք ստացել»:
Լրագրողների պնդմանը, որ հրապարակի նվիրատվություն կատարած անձանց անունները, Հայկ Մարությանն արձագանքեց.
«Անկեղծ եմ ասում, չեմ հիշում այդ կազմակերպությունների անունները և այս պահին չեմ կարող նշել նաև անհատների անունները, որովհետև այդ առումով ինձ համար կարևոր և ոչ կարևոր չկա, ինձ համար բոլորը կարևոր են»։
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «Կամազ»-ներ են նվիրել։ Մասնավորապես, Խաժակյանը նշել էր, որ «Կամազ»-ների մի մասը նվեր է ստացվել խոշոր գործարար, սեփականատեր Սամվել Ալեքսանյանի կողմից:

 

Արմինե Գևորգյան