Բավ է պառակտվել
05-09-2019 16:18

ՀՀ դիրքերը ՀԱՊԿ-ում ամուր են. ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան


Հայաստանը կարող է արգելափակել ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու հարցը: Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ 1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2-րդ արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկմանը, թե Արդբեջանն ավելի ամուր դիրքեր ունի, քան՝ ՀՀ-ն, Քոչարյանն ասաց. ՀՀ դիրքերը ՀԱՊԿ-ում ամուր են:
«Ադրբեջանը չի կարելի ասել, որ ունի ավելի մեծ կշիռ ՀԱՊԿ-ում, քան Հայաստանը, այն միջնորդավորված ազդեցություն ունի: Ի վերջո ՀԱՊԿ-ը պայմանագիր է, պետությունները կաշկանդված են այդ պայմանագրով և պարտավորություններով, մյուս կողմից պետությունները կարող են ունենալ տարբեր ֆորմատներում իրենց երկկողմանի պարտավորությունները:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն էլ հետաքրքրվեց, թե ի՞նչ լծակներ ունի Հայաստանը, որոնք կարող է օգտագործել ՀԱՊԿ-ում մեզ համար ոչ բարեկամական երկրի մուտք գործելը կանխելու համար:

«Ամենապարզ լծակը մեր «ոչ» ասելն է: Դա բավարար է: Այլ բան է, երբ դու քո գործընկերների հետ ես աշխատում, ցանկալի է, որ «ոչ»-ին հիմնավորումներ տաս: Բնական է, որ մենք լուրջ հիմնավորումներ ունենք այն երկրների համար, որոնք մեզ ցանկալի չեն: Կարող է հիմնավորումը չընդունեն, բայց «ոչ»-ը բավարար է», - ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ մինչ այդ կար կետ, որում նշվում էր, որ ՀԱՊԿ-ն կարող է դիտորդ ունենալ, սակայն այդ ժամանակ դիտորդի անունը չէր նշվում:
«Այժմ առաջարկվում է առավել բարձր՝ գործընկերոջ կարգավիճակ տրամադրել: Դրանց միջեւ տարբերություն կա»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ գործընկերը պետություն է, որը շահագրգռված է ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խորացմամբ եւ կիսում է նրա գաղափարախոսությունը:
«Տվյալ դեպքում որեւէ պետություն չի կարող դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալ առանց ՀԱՊԿ բոլոր անդամների համաձայնության»,-ասաց Քոչարյանը:

 

Արմինե Գևորգյան