Բա՛վ է պառակտվել
07-08-2019 17:57

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է համահայկական կոնսենսուսի 6 կետերը


«Կոնսենսուսի համար 1 – Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որեւէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որեւէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն եւ հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը, բնականաբար, չի վերաբերվում օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման եւ բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման համատեքստում:


Կոնսենսուսի համար 2 – Ժողովուրդը եւ նրա ազատ կամարտահայտությունը իշխանության ձեւավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն: Այս առումով չափազանց կարեւոր է Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում եւ ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը: Հայաստանի Հանրապետությունը, ըստ այդմ, պետք է հանդես գա եւ հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման եւ այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորման երաշխավոր:


Կոնսենսուսի համար 3 – Հայաստանի եւ Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է եւ բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ` պիտի արժանանան եւ կարժանանան հայ ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը:


Կոնսենսուսի համար 4 – Հայաստանը եւ Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլոր դրսեւորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը եւ ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:


Կոնսենսուսի համար 5 – Իրավունքի եւ օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Հայաստանում եւ Արցախում դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ եւ հանրային կյանքի որեւէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:


Կոնսենսուսի համար 6 – Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի եւ Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որեւէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում եւ Արցախում ժողովրդական հավանության դեպքում»,- գրել է վարչապետը Facebook-ի իր էջում։

Փաշինյանը հրավիրել է հայրենակիցներին Ստեփանակերտ՝ մասնակցելու համահայկական խաղերի բացմանը
Փաշինյանը՝ Համահայկական խաղերի բացմանն Արցախում․”մենք անհաղթ ենք, երբ միասին ենք”
«Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում»․Վալերի Օսիպյան
Ես հրաժարական չեմ տալիս,ԱԱԾ նախկին տնօրենն էլ իմ ընկերն է․Դավիթ Տոնոյան
Փաշինյանը գիտի, թե պետությունն ինքն է․ Շարմազանով