Բավ է պառակտվել
27-09-2019 16:04

Հիմնավոր են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը․նախարար

«Այն դատավորները, ովքեր բարեխիղճ կկատարեն իրենց գործը, կիրականացնեն արդարադատություն, ունենալու են նյութական բավարար ապահովվածություն, սոցիալական երաշխիքներ, աշխատակազմ ավելի ընդլայնված, քան ունեն հիմա»,-այսօր դատաիրավական բարեփոխումներ 2019-2023 թթ ռազմավարության վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նախարարն ասում է,որ այն բոլոր դատավորները, ովքեր չեն նպաստելու Հայաստանում արդարադատության իրականացմանը, կենթարկվեն կարգապահական պատժի։
«Որևէ տրամադրվածություն դատական իշխանության դեմ չկա, և կարգապահական վարույթ հարուցվելու միջնորդություն Բարձրագույն դատական խորհրդին ներկայացվելու է միայն այն դեպքում, երբ համոզված կլինենք, որ դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերի մասով բարձր շեմը հաղթահարված է», - հայտարարեց արդարադատության նախարարը։
Դատավարական բարեփոխումների քննարկումից հետո արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Ռուստամ Բադասյանը անդրադարձավ Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամին։
Վերջինս խոսքով Սահմանադրական դատարանում առաջացած ճգնաժամը հնարավոր կլինի լուծել առաջիկայում ձևավորվող մասնագիտական խմբի միջոցով:
«2020 թվականի փետրվարին ձևավորվելու է մասնագիտական խումբ, որը զբաղվելու է Սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ: Այդ կառույցը լինելու է ապաքաղաքական և ձևավորվելու է բացառապես մասնագիտական հիմքով: Կարծում եմ, հնարավոր է նաև լուծել ՍԴ-ում առաջացած ճգնաժամի հարցը, եթե ձևավորված խումբն անհրաժեշտ համարի և առաջարկի համապատասխան լուծումներ»,- նշեց Բադասյանը:
Նախարարը հիմնավոր է համարում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած ԱԺ դիմումը: «Կան խնդիրներ, որոնք Ազգային ժողովի կողմից արձանագրվել են, և ներկայացվել է համապատասխան փաստաթուղթ: Կա ողջամիտ եզրակացություն, որ թույլ է տրվել էական կարգապահական խախտում: Ես հիմնավոր եմ համարում ԱԺ դիմումը»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ Կառավարության ներկայացրած ռազմավարության մեջ նույնպես նշված է, որ պետք է կյանքի կոչվի Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով սահմանված ՍԴ-ի մոդելը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ նախագահին ներկայացրեց Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին: