Բավ է պառակտվել
14-04-2014 13:43

Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելով ավարտվեց օլիգարխացման փուլը, կհաստատվի ֆեոդալականը. Ա. Մարտիրոսյան

Այսօր քաղաքական դաշտում համար առաջին քննարկվող թեման դարձել է նախկին ԱԺ նախագահի ՀՀ վարչապետ նշանակվելը: ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե լավ է, որ նա նշանակվեց, քանի որ ինքը մտավախություն ուներ, որ վարչապետը կարող էր լինել ռուսական՝ ոչ հայաստանյան դաշտից, իսկ վատ է, որովհետև շրջանը փակվեց, ու նրա նշանակումով համակարգն իրեն ամբողջացրեց: ՛՛Ու ինձ համար միանշանակ է, որ դրական փոփոխության որևէ ակնկալիք որևէ մեկը չպիտի ունենա, եթե Տիգրան Սարգսյանի դեպքում իշխող մեծամասնությունը զբաղված էր իմիտացիայով, որ նա «բարեփոխիչ» էր, ապա Հովիկ Աբրահամյանի պարագայում այդ փուլը պետք է ավարտված համարել՛՛: Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ԱԺ նախկին նախագահը համակարգի ամենակարկառուն ներկայացուցիչն է, որը պետք է մի կողմից զբաղվի այն ամրապնդելով, մյուս կողմից՝ խնամիական կապերով «Բարգավաճ Հայաստանի» ոտքն ու ձեռքը կապելով և այլընտրանքին իշխանական գործընթացների տրամաբանության մեջ բերելով: Ըստ Մարտիրոսյանի, Հովիկ Աբրահամյանի նշանակումով ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը չէ ու անում է քայլեր, որոնց մասին հակառակն է խոսել. որ գազը չպիտի թանկանար, որ նորմալ ժողովրդավարական ընտրություններ պիտի անցկացնեին, Ասոցացման համաձայնագիր ստորագրվեր, սակայն պարզվում է, որ Մաքսային միությունը մեր մանկության երազանք է եղել, չենք իմացել: ՛՛Տիգրան Սարգսյանի ծրագրում գրված էր, որ փոքր ու միջին բիզնեսը պետք է վերանա, կամ ժողովրդի աղքատության տոկոսը՝ բարձրանա, որ արտաքին քաղաքականությունը պետք է լինի ճոճանակի սկզբունքով, մի օր մի կողմ ենք գնում, մյուս օրը՝ մի կողմ: Հովիկ Աբրահամյանի նշանակումով Հայաստանում ավարտվում է օլիգարխացման փուլը և սկսվում է նոր փուլ՝ ֆեոդալական փուլ՛՛: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ անդրադարձավ, թե ինչ նկատի ուներ ՀՀ Նախագահը՝ ասելով, որ նշանակվելու է բոլորի համար ընդունելի մարդ և նշանակեց Հովիկ Աբրահամյանին: ՛՛Որը խուսափում է ցանկացած ցնցումներից, որովհետև ինքը գոյություն ունի ներքին, ոչ ֆորմալ, ոչ թափանցիկ համաձայնությունների հիման վրա: Այդ օլիգարխիական համակարգը ուզում է, որ 3-4 տարի հետո էլ՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ իրենք շարունակեն տիրապետել Հայաստանի քաղաքական-հասարակական կյանքին՛՛,- ավելացրեց Բորիս Նավասարդյանը: