Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մեծ պատվիրակության գլխավորությամբ այցելել Սիրիա, հայտնում է կառավարամետ Hürriyet թերթը։ Դամասկոս այցի ստույգ ժամկետները դեռևս չեն հաղորդվում։
Ինչպես նշել է հրատարակության սյունակագիր Աբդյուլքադիր Սելվին, Թուրքիան ակտիվորեն նպաստում է Սիրիայում անցումային կառավարության ձևավորման գործընթացին։ Էրդողանի պատվիրակության կազմում կլինեն ներդրումային հարցերով պատասխանատու նախարարներ։
Ավելի վաղ, կառավարության նիստից հետո Էրդողանն ընդգծել էր, որ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է սիրիական նոր վարչակազմի հետ և պատրաստ է նրան լիարժեք աջակցություն ցուցաբերել։ Նա նաեւ հայտնել է, որ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Կալինի եւ արտգործնախարար Հաքան Ֆիդանի Դամասկոս կատարած այցերից հետո թուրքական պատվիրակությունների թիվը Սիրիա կավելանա։