Բավ է պառակտվել
13-07-2018 16:42

Իդեալական տարբերակում պետք է ունենանք ԸՕ բարեփոխման մեկ նախագիծ-փոխվարչապետ

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի փոխանցմամբ, Կառավարության համար ցանկալի է խորհրդարանի հետ ունենալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեկ միասնական նախագիծ:

«Իդեալական տարբերակում, այո, պետք է ունենանք մեկ նախագիծ՝ բոլորիս հետ համաձայնեցրած, բոլորիս սրտով, որի առանձին կետերի շուրջ, ինչ խոսք, կարող են առանձին ուժեր վերապահումներ ունենալ», - ասաց Միրզոյանը, ով այսօր առաջին անգամ մասնակցում էր ԸՕ փոփոխությունների համար Ազգային ժողովում ստեղծված աշխատանքային խմբի քննարկմանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը ցանկանում են բարեփոխել Ընտրական օրենսգիրքը։ Այդ հարցով և՛ Կառավարությունում, և՛ խորհրդարանում ձևավորվել են աշխատանքային խմբեր։ Վարչապետին առընթեր մարմինը ղեկավարում է Միրզոյանը։

Այսօր ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը՝ նա նշեց, որ յուրաքանչյուր լավ առաջարկ ընդունելի է, սակայն այս փուլում պետք է ընտրել երկար ժամանակ չպահանջող նորամուծությունները․ - «Չորս տարբեր քաղաքական ուժեր են ներկայացված պառլամենտում: Ես մի տեսակ չեմ պատկերացնում, որ հնարավոր լինի, որ այս չորս քաղաքական տարբեր հայացքներ ունեցող ուժերը ունեն մի նախագիծ, և հնարավոր չլինի, որ էդ նախագիծը չարտացոլի նաև Կառավարության դիրքորոշումը: Ի վերջո չորս ուժերից երեքը Կառավարության կոալիցիայի անդամ են»:

ԱԺ կողմից հունիս ընդունված Կառավարության ծրագրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն առավելագույնը մեկ տարում։ «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն այսօր փոխվարչապետից հետաքրքրվեց՝ եթե մինչև սեպտեմբեր ընտրական օրենսդրությունը բարեփոխվի, ի՞նչ ժամկետում կանցկացվեն ընտրությունները։

Արարատ Միրզոյանի արձագանքը․ - «Կրկին պետք է առաջնորդվենք բոլորիս ընդհանուր, կամ եթե այստեղ կարելի է կիրառել՝ հանրային շահով: Եթե մենք սեպտեմբերին ունենում ենք նախագիծ, ես հուսով եմ, որ էդպես կլինի, կլինի քննարկումների փուլ, Վենետիկի հանձնաժողովի համաձայնությունը և խորհուրդները պիտի ստանանք․․․ նաև հաշվի առնենք արդեն տակը մնացած ժամանակը: Պարոն Բագրատյան, այդտեղ կա ֆրանկոֆոնիա, հետո տոներ: Պիտի նայենք, միասին քննարկենք: Էնպես չի, որ Կառավարությունն ունի դիրքորոշում և փորձում է պարտադրել մյուս քաղաքական ուժերին»:

Խորհրդարանական ուժերը աշխատանքային իրենց խմբում արդեն ավարտել են առաջարկություններ ներկայացնելու փուլը։ Բացառությամբ ՀՀԿ-ի, մյուս երեք ուժերը առաջնային են համարում տարածքային, կամ առավել հայտնի ռեյտինգային ընտրակարգի վերացումը։

Մոտ 4 տասնյակ մյուս առաջարկները հիմնականում վերաբերում են ընտրությունների կազմակերպմանը, քվեարկության ընթացքին ու հանձնաժողովների գործառույթներին։

Ռեյտինգային համակարգի վերացումն, ըստ ՀՀԿ-ի, մարզերի բնակիչներին կմեկուսացնի քաղաքական կյանքին մասնակցությունից։

Հարցին, թե հնարավոր է, որ Կառավարությունը փոխզիջման գնա ռեյտինգային ընտրակարգի հարցում, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ - «Այս առումով բանակցություններ որպես այդպիսին չեն եղել: Ընթացքը ցույց կտա: Ոչ մի բանը քարին գրված չի: Ի վերջո պետք է գնալ այնպիսի լուծումների, որից լավագույնը կկարողանա շահել Հայաստանի Հանրապետության քաղաքացին»:

Այն հարցին, թե արդյուք իր կարծիքով այս պահին ՀՀԿ-ն ցանկություն ունի գնալ արտահերթ ընտրությունների, Միրզոյանն արձագանքեց․ - «Հայաստանում ամեն բան կախված է քաղաքացիների կամքից: Սա մեկ: Երկրորդը, ենթադրել կարելի է, որ ընտրությունները տեղի են ունենալու այն ժամկետներում, որը նշված է Կառավարության ծրագրում, և որը, ի դեպ, հավանություն է ստացել Ազգային ժողովի կողմից, այն է՝ մեկ տարվա ընթացքում, հիմա ոնց որ թե տասնմեկ, տասը ամիս է մնում: Այնպես որ, այդ ժամկետների մեջ էլ կարելի է ենթադրել»: