Բավ է պառակտվել
12-11-2019 21:19

Էդ ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին․ Սասուն Միքայելյանը Հովիկ Աղազարյանին։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ խնդիր ունեցանք, երբ մեր հայրենակիցներն ուզում էին օգնել ռազմատեխնիկայով ու բարդ իրավիճակում էին հայտնվում մաքսակետերում, մարդկանցից ԱԱՀ էին պահանջում, երբ վերջին կոպեկով փորձում էին օգնել բանակին: Հաշվի առնելով դա՝ նախագիծ ենք ներկայացնում, որտեղ հստակեցված է մեխանիզմը, որի միջոցով կարող ենք ռազմական տեխնիկա ներկրել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Բագրատյանին պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը,ով նշեց․«Եկել են էնպիսի ժամանակներ, որ մենք պետք է ձերբազատվենք new-ֆիդայականությունից»։ Սակայն նրա այս խոսքերը դուր չեկան նույն խմբակցությունից Սասուն Միքայելյանին, որը շատ բուռն արձագանքեց։
Նա Աղազարյանին դիտողություն արեց՝ կոչ անելով ֆիդայականությունը չխառնել քաղաքականության հետ։ «Մի համեմատեք պետությունն ու ֆիդայիններին, մի բերեք նրանց այս դաշտ: Սխալ է, որ ինչ-որ բան առանց հարկվելու գնա ռազմաճակատ: Հարկն էլ է օգնում բանակին, բայց չի կարելի այդպես խոսել ֆիդայիների մասին: Էդ ֆիդայիներն էին, որ թուրքի մաման լացացրին 700 տարի հետո և ծնկի բերին ։Նրանք այսօր ոռնում են, թե Խոջալուում ցեղասպանություն է եղել: Ինձ էլ մի օր դրա համար կդատեք, որ մասնակցել եմ դրան»,- ասաց Միքայելյանը։
Աղազարյանը բացատրեց, որ եթե սահմանի վրա դեպքեր են տեղի ունենում, ու զինվորները տեսնում են, որ «մեկը երկու հատ տուշոնկա բերեց, մեկը մի հատ տանկ բերեց, մեկը հաց ու կալբաս բերեց», խուճապային տրամադրություն կստեղծվի։
Աղազարյանը ասաց, որ պետք է ձերբազատվել դրանից, և որ պետությունն ինքը պետք է ապահովի այդ ամենը։