Բավ է պառակտվել
30-03-2021 17:28

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը aravot.am-ին (տեսանյութ)

Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցի երկխոսության և սառը, պրագմատիկ, համակողմանի վերլուծության հիման վրա, ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում:

«Եթե հետ ենք նայում պատմությանը կամ մեր առօրյա կյանքին, Ռուսաստանում հսկայական Սփյուռք ունենք, որի մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են: Ունենք փայլուն պատմություն, մոտ 200 տարի նույն պետության սահմաններում ենք ապրել՝ նախ Ռուսական կայսրության, հետո Խորհրդային Միության։ Դրանց զարգացման հարցում հսկայական ներդրում են ունեցել հայ ժողովրդի ներկայացուցիչները՝ սկսած Լորիս-Մելիքովներից, Լազարևներից, Այվազովսկիներից»,- ընդգծել է Սարգսյանը։

Սակայն, նշել է նախագահը, երկու պետությունների միջև հարաբերությունները մշակելիս պետք է այս զգացականը մի կողմ թողնել և մեր հարաբերությունների օրակարգը ձևավորել շատ սառը, պրագմատիկ, համակողմանի վերլուծության և երկխոսության ճանապարհով։
«Այսինքն, Ռուսաստանի հետ ունենանք մեր հարաբերությունների ճանապարհային քարտեզ, որը հիմնված է երկկողմանի շահերի վրա: Չպետք է մոռանանք, որ խոսքը փոքր Հայաստանի և շատ ավելի մեծ հայ ժողովրդի մասին է, որը գտնվում է Կովկասում շրջափակված վիճակում: Բայց մեր ռազմավարական գործընկերն աշխարհի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ գերտերություններից մեկն է, միջուկային գերտերություն: Հետևաբար, նախ, մեր հարաբերությունները պետք է ձևավորվեն իրականության գետնի վրա»,- ասել է նախագահը:
Սարգսյանը մատնանշել է, որ պետք է մշակել համագործակցության հստակ, պրագմատիկ օրակարգ, որն ունենա երկու բաղադրիչ․ գործընկերների միջև վստահություն և կանխատեսելիություն: «Չպետք է խուսափենք գործընկերությունից, որը ռազմավարական է, երկարաժամկետ, հենց նույն Ռուսաստանի հետ, որովհետև սա բնական է Հայաստանի համար: Եվ չպետք է դրանից քաշվենք, որովհետև շատ մեր գործընկերներ նույն Արևմուտքում սա շատ լավ գիտակցում են»,- ընդգծել է նախագահը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ում Սենատի անդամների հետ խոսելիս զգացվում է, որ նրանք շատ ջերմ են վերաբերվում Հայաստանին և հայերին, պատրաստ են աջակցության, գիտեն, թե ինչ է Եղեռնը։

«Բայց, միաժամանակ, երբ խոսքը պրագմատիկ, իրական քաղաքականության մասին է, նրանք (սենատորներն) են առաջինը ասում՝ դուք հատուկ հարաբերություններ ունեք Ռուսաստանի հետ՝ ելնելով պատմությունից, անցած ճանապարհից, այսօրվա տարածաշրջանային քաղաքականությունից: Եվ այդտեղ որևէ բացասական բան նրանք չեն տեսնում»։

Հետևաբար, կարծում է նախագահը, հատուկ հարաբերություններ պահպանելով նույն Ռուսաստանի հետ՝ Հայաստանը կարող է շատ խոր և ջերմ հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Հեռավոր Արևմուտքի՝ Ամերիկաների հետ, և՛ Արևելքի, և՛ նաև հարավի հետ և այլն: «Այդտեղ որևէ հակասություն չկա, այնքան ժամանակ, որքան մենք ազնիվ ենք քաղաքականության իմաստով, պրագմատիկ ենք, հավասարակշիռ և տրամաբանական ենք մեր քաղաքականության մեջ»,- ասել է Սարգսյանը։