Բավ է պառակտվել
30-11-2019 14:32

Արցախում զինվորի վիրավորում ստանալու միջադեպը վկայում է Ադրբեջանի կողմից հրադադարի դիտավորյալ խախտման մասին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ։

“Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ”,- նշվել է Հայաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունում։

Հայաստանի Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ Ռաֆայել Ազիզյանը հրազենային վիրավորում է ստացել նոյեմբերի 29-ին, ժամը 15:15-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Նա անմիջապես տեղափոխվել է ռազմական հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

ԱԳՆ-ում նշել են, որ նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և հակասում խաղաղության համար նպաստավոր միջավայր ձևավորելու շուրջ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

“Անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին”,- ասվում է հաղորդագրությունում:

Հայտարաությունում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով:

“Արագ ապաքինում ենք ցանկանում վիրավորում ստացած զինծառայողին”,- նշել են ԱԳՆ-ում: