Բավ է պառակտվել
26-10-2018 16:33

Իրան, զենք, Սիրիա․ի՞նչ ուղերձով էր “վաշինգտոնյան բազեն” ժամանել Կովկաս

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 24-25-ին այցելել է Ադրբեջան և Հայաստան: Մինչ այդ նա այցելել էր Ռուսաստան և հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը կայցելի Վրաստան: Բոլթոնն, ում կոչում են նաև “Վաշինգտոնյան բազե”, իր շրջագայության ընթացքում հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով: Մասնավորապես, նա նշել է, որ Միացյալ Նահանգները չափազանց կարևոր տարածաշրջան են համարում Հարավային Կովկասը՝ ռազմավարական տեսակետից: Խոսելով Ադրբեջանի կարևորության մասին խորհրդականը նշել է, որ այն Ռուսաստանի և Իրանի հետ սահմանակից միակ երկիրն է։ Երկու երկրներում էլ Բոլթոնը շեշտադրել է Իսլամական հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի կոշտ քաղաքականությունը: Երևանում քաղաքական գործիչը հարցազրույց է տվել “Ազատություն” ռադիոկայանին, որտեղ նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում են գործադրել առավելագույն ճնշումը Իրանի վրա, որը “դեռ չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու նպատակից” և շարունակում է մնալ “աշխարհում միջազգային ահաբեկչության գլխավոր բանկիրը”: “Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագիրը և Սիրիայում, Իրաքում և այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև երկխոսությունը շատ կարևոր կլինի: Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետեւ կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է և պետք է փոխվի”,-ասել է նա: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Բոլթոնն ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական են: Ավելի ուշ, խորհրդականը չի բացառել այն փաստը, որ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունը կասեցնելու Ազատության աջակցման ակտի 907-րդ բաժինը, որը սահմանափակում է պետական մակարդակով ԱՄՆ–ի կողմից օգնության տրամադրումն Ադրբեջանին, ինչպես արել են իր նախորդները։

Հարցին, արդյո՞ք Բոլթոնն իր հետ բերել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ առաջարկ՝ խորհրդատուն տվել է բացասական պատասխան: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ չի եկել փոխելու ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում: “Մենք հասկանում ենք, որ այս հակամարտության խաղաղ կարգավորումը կունենա միջազգային մեծ նշանակություն։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Միացյալ Նահանգները կշարունակեն ջանքեր գործադրե հակամարտության խաղաղ լուծման ուղիներ գտնելու համար”, - ասել է նա: Նա համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լուծումը բարդ է, եթե հեշտ լիներ՝ արդեն կարգավորված կլիներ: Ներկայիս հանգամանքներն, ըստ Բոլթոնի, ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հարցում փոխշահավետ համաձայնություն գտնելու կարևորությունը, “քանի որ երբ դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը, Թուրքիայի հետ սահմանը, գրեթե անկասկած, ևս կբացվի”։

Երևանում խոսելով տարածաշրջանային անվտանգության մասին, Բոլթոնն ասել է, որ Հայաստանը բացի Ռւսաստանից, շատ ուրիշ այլընտրանքներ ունի, այդ թվում և զենքի վաճառքի բնագավառում։
«Մենք ունենք Կոնգրեսի կողմից ԱՄՆ նկատմամբ սահմանված Ադրբեջանին և Հայաստանին [զենքի] վաճառքի սահմանափակումներ՝ հաշվի առնելով հակամարտությունը: Բայց կան բացառություններ: Եվ, ինչպես ես ասացի վարչապետին, եթե խոսքը գնում է ռուսական կան ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու մասին, մենք կնախընտրեինք վերջինը: Մենք համարում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ռուսականից լավն է։ Հետևաբար ցանկանում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Եվ ես կարծում եմ, որ երբ Հայաստանն ամբողությամբ կախված չէ մեկ խոշոր տերությունից, դա մեծացնում է հնարավորությունները։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքը և այս ամենի պատմական համատեքստը: Բայց կարծում եմ, որ հիմա է լավատես լինելու ժամանակն այն առումով, որ Հայաստանը կարող է դուրս գալ համաշխարհային բեմ՛”, - ընդգծել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Այն մասին, թե ինչ ուղերձով է "վաշինգտոնյան բազեն” այցելել Ռուսաստան և Հարավային Կովկաս, Gisher.news-ին տված հարցազրույցում պատմել է Հայաստանի նախկին ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

- Ո՞րն էր, Ձեր կարծիքով, Ջոն Բոլթոնի առաքելությունը Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան կատարած այցի ընթացքում:

- Ջոն Բոլթոնի Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստան կատարած այցն ուներ մեկ նպատակ: Ակնհայտ է, որ վերջին տարիներին Միացյալ Նահանգները Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների խստացման քաղաքականություն են վարում, կամ, ինչպես ասում է Բոլթոնը, փորձում են սեղմել օղակն այդ երկրների շուրջ։ ԱՄՆ գիտակցում է, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի այս տարածաշրջանում։ Վերջիվերջո, Ռուսաստանը եվրասիական երկիր է։ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում և Կովկասում: Միացյալ Նահանգները գիտակցում են, որ Ռուսաստանի դեմ արված ցանկացած քայլ հետևանքներ կունենա նաև ԱՄՆ համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրների համար։ Երևանում Բոլթոնն ասել է, որ ԱՄՆ համար Հարավային Կովկասը ռազմավարական տեսակետից կարևոր տարածաշրջան է։ Բնականաբար, ԱՄՆ այս քաղաքականությունը ազդեցություն կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի վրա։ Բոլթոնը ցանկանում է իմանալ, ինչպես են դրան վերաբերվում ԱՄՆ գործընկեր երկրներն և դաշնակիցները, ինչ սպառնալիքներ են տեսնում այստեղ: Տարածաշրջանի երկրները կախված են Ռուսաստանից և Միացյալ Նահանգների քայլերն անխուսափելիորեն ազդեցություն կունենան նրանց վրա։

- Բոլթոնն ասել է, որ Հայաստանի համար ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանին այլընտրանք լինել ռազմական ոլորտում համագործակցության առումով: Ավելին, ըստ նրա, Հայաստանը կարող է ԱՄՆ-ից գնել ռազմական տեխնիկա: Որքանո՞վ է դա իրատեսական:

- Բոլթոնի պաշտոնական հայտարարությունները մամլո ասուլիսներում մի փոքր տարբերվում են հարցազրույցների ժամանակ նրա ասածներից: Իհարկե, նա գովել ամերիկյան ռազմական տեխնիկան, բայց միևնույն ժամանակ ասել է, որ հակամարտության կողմերին զենք վաճառելու որոշում չկա: Այսպես թե այնպես, Հայաստանն այդքան գումար չունի Միացյալ Նահանգներից զենք գնելու համար: Վաշինգտոնը պետք է ձեռնպահ մնա զենք վաճառելուց ղարաբաղյան հակամարտության կողմերին` ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Դա մեծ սխալ կլինի: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը՝ այստեղ միայն ցանկություններ են հնչել այն մասին, որ կողմերը հանգեն փոխադարձ ընդունելի լուծման: Այսօր Միացյալ Նահանգների առաջնահերթ խնդիրն Իրանը և Ռուսաստանն են, այլ ոչ՝ Ղարաբաղը:
- ԱՄՆ նախկին իշխանությունները որոշակի ըմբռնումով էին վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանը, գտնվելով շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ակտիվորեն համագործակցում է Իրանի հետ: Ի՞նչ եք կարծում, այս վերաբերմունքը կարող է փոխվել Թրամփի կառավարման ընթացքում, և ինչի՞ դա կարող է հանգեցնել։

- Այսօր հնչող հայտարարություններն այն մասին, որ Միացյալ Նահանգները պատրաստ են սեղմել օղակը Իրանի շուրջ լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Սա անպայման զգալի կորուստներ կբերի Հայաստանին:

- Ջոն Բոլթոնը նաև զգուշացրել է Հայաստանին Սիրիայի հակամարտության մեջ ներգրավվելու վտանգների մասին: Այստեղ ո՞րն էր ուղերձը:

- Հայաստանի կառավարությունը պետք է գիտակցի, որ կա «կարմիր գիծ»: Այո, որոշում է կայացվել սակրավորներ ուղարկել Սիրիա՝ որպես մարդասիրական առաքելություն: ԱՄՆ-ը ցանկանում է հիշեցնել, որ Սիրիայում Հայաստանը չի կարող դուրս գալ մարդասիրական առաքելության սահմաններից:

 

Հեղինակային հոդված