Բավ է պառակտվել
29-12-2021 17:26

Իրանը Հայաստանի հարավում՝ Կապան քաղաքում կբացի գլխավոր հյուպատոսություն

Իրանի կառավարությունը որոշում է կայացրել գլխավոր հյուպատոսություն բացել Հայաստանի Կապան քաղաքում (Սյունիքի մարզի վարչական կենտրոն, սահմանակից է Իրանին և Ադրբեջանին՝ խմբ․)։ Այս մասին գրում է IRNA.ir իրանական տեղեկատվական գործակալությունը։

Ըստ վերջինիս՝ ԻԻՀ նախարարների խորհուրդը հավանություն է տվել երկրի ԱԳՆ համապատասխան առաջարկին:

Նոր սահմանները ՀՀ հարավում և «միջանցքի» թեման

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան ԼՂՀ և հարակից յոթ շրջանների ավելի քան 190 բնակավայր: Արդյունքում, Հայաստանի հարավում Սյունիքի մարզի սահմանները (ներառյալ Կապանի վարչական կենտրոնը) հայտնվեցին Ադրբեջանի նոր սահմանների (Ադրբեջանի ԽՍՀ ժամանակների) անմիջական հարևանությամբ։

Դրա հետևանքով անվտանգության լուրջ խնդիրներ առաջացան Սյունիքում, պարբերաբար հաղորդումներ են ստացվում ադրբեջանցիների կողմից անասունների գողության մասին տեղի հայ բնակչությունից, նրանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի մասին։ Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը բազմիցս բարձրացրել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու հարցը։

Այս թեմայի արդիականությունն աճում է՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից բարձրացվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման թեման, որը նախատեսում է ուղիղ կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև. հատելով Հայաստանի տարածքը Սյունիքում։ Մինչդեռ պաշտոնական Երևանը բազմիցս մերժել է ցանկացած «միջանցքային տրամաբանություն»՝ կենտրոնանալով տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման վրա (երկաթուղիներ և ավտոմոբիլային հաղորդակցություն)։