Բավ է պառակտվել
29-10-2020 12:14

Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով նոր առաջարկ է պատրաստել

Ինչպես հաղորդում է «ԻՌՆԱ»-ն, Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արագչին, ով այսօր առավոտյան Իրանի նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակով մեկնել է Մոսկվա՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու և ռուս պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար, ասել է, որ Թեհրանի ծրագիրը հիմնված է մարդասիրական սկզբունքների եւ կողմերի պահանջների վրա:

«ԵԱՀԿ անդամ երկրների խումբը չի կարողացել կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը վերջին 30 տարվա ընթացքում, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է վերջ դնել Բաքվի եւ Երևանի միջև վեճին տարածաշրջանային համագործակցության միջոցով, ինչը բարդ առաջադրանք է համարվում», - ասել է նա:

Արագչին հայտարարել է, որ «այդ խմբի որոշ երկրներ ընդհանրապես ներառված չեն տարածաշրջանի կազմում եւ որևէ կապ չունեն այդ ճգնաժամի հետ, իսկ այդ խմբի անարդյունավետությունն ապացուցվել է գործնականում: ԵԱՀԿ ՄԽ կազմում ներառված ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հեռու են տարածաշրջանից ոչ միայն քաղաքական, այլ նաև էմոցիոնալ և բարոյական տեսակետից կապված չեն տարածաշրջանի հետ և չեն ձգտում ԼՂ-ում խաղաղության հաստատմանը»:

«Մենք առաջարկել ենք առանցքային դեր ունեցող երկրների տարածաշրջանային մոտեցումը, և դրա համար Ռուսաստանը տարածաշրջանում կարևոր երկրներից մեկն է»,-նշել է նա:

«Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկը հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա, ներառյալ՝ հրադադարի ռեժիմի հաստատում, բնակավայրերի և քաղաքացիական շրջանների վրա հրաձակումների դադարեցում և տեղահանված անձանց վերադարձ իրենց տներ»,- եզրափակել է նա:

Իրանի ԱԳ փոխնախարարը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցով Իրանի նախաձեռնությունն առաջ տանելու համար այցելում է Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Թուրքիա: Այցը սկսվել է Բաքվից և այսօր՝ ռուս պաշտոնյաների հետ խորհրդակցությունից հետո, կավարտվի Երևանում և Անկարայում: