Բավ է պառակտվել
09-11-2022 13:44

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին աջակցություն է առաջարկում իրենց խնդիրների կարգավորման հարցում. Իրանի ԱԳՆ-ն՝ Ալիևին

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահի դժգոհությանը Հայաստանին Իրանի աջակցության և Արաքսի ափին զորավարժությունների վերաբերյալ։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ընդգծել է, որ Թեհրանի սերտ հարաբերությունները կոնկրետ հարևանի հետ չեն վնասում մեկ այլ հարևան պետության

«Իրանի քաղաքականությունը հիմնված է բարիդրացիական և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման սկզբունքների վրա, իսկ Երևանի հետ Թեհրանի կապերի ամրապնդումը չի նշանակում, որ այդ հարաբերություններն ուղղված են մեկ այլ հարևան պետության դեմ», - մեջբերում է իրանական Tasnim News գործակալությունը Քանանիի խոսքերը:

Նա նաև ընդգծել է Իրանի սկզբունքային քաղաքականությունը ղարաբաղյան տարածաշրջանում հարևանների միջև առճակատման հարցում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը և հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ իրավունքների և միջազգային իրավունքի պահպանմամբ։ Այդ պատճառով Իրանը դատապարտել է ադրբեջանական տարածքների օկուպացիան և ամենաբարձր մակարդակով աջակցել դրանց ազատագրմանն»,- ասել է Քանանին։

Նա զարմանք է հայտնել Բաքվի անհանգստության առնչությամբ՝ կապված հարևան պետությունների ներկայացուցիչների սովորական հանդիպումների հետ։

Քանանին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանների մոտ Իրանի վերջին զորավարժությունները նախապես ծրագրված են եղել, և այդ մասին պաշտոնական խողովակներով տեղեկացվել են հարևան երկրները։

«Կովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծումը ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելն է, այլ տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներին, և Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ նպաստելու երկու հյուսիսային հարևանների միջև առկա բոլոր չլուծված խնդիրների կարգավորմանը երկկողմ և եռակողմ ձևաչափերով, ինչպես նաև Թեհրանում վեցակողմ տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակներում»,- ամփոփել է Քանանին։