Բավ է պառակտվել
21-02-2023 11:02

Իրանը Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարներին հրավիրել է Թեհրան՝ 3+3 ձևաչափով հանդիպման

Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպմանը։

Աբդոլլահիանն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Զրույցի ընթացքում Գրուշկոն նշել է համագործակցության զարգացման կարևորությունը «երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում»։

3+3 ձևաչափի մասին

Ղարաբաղի շուրջ համագործակցության և Անդրկովկասում 3 + 3 ձևաչափով (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի նախաձեռնողները Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն էին։ Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել այս նախաձեռնությանը, սակայն Բաքվին և Երևանին առաջարկել է խաղաղության պահպանման բանակցությունների սեփական ձևաչափը՝ «եռյակի» տեսքով։

Դեկտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի ունեցավ 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ։ Կրկին նշվել էր, որ Վրաստանի համար հարթակին միանալու «դռները բաց են»։

Ռուսաստանի արտգործնախարարությունը վերջերս հայտարարեց այս հարթակի շրջանակներում նախարարների մակարդակով երկրորդ հանդիպման կազմակերպման մասին՝ «առաջիկա ամիսների ընթացքում»։