Բավ է պառակտվել
22-10-2022 12:01

Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանին խոչընդոտներին և կողմ է տարածաշրջանի զարգացմանը. ԱԳՆ ղեկավար

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շաբաթ օրն ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությունը, հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Սիմոնյանը կարևորել է բարեկամ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները՝ ընդգծելով, որ դրանց զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են իրենց պտուղները։

Նախօրեին Կապանում բացված Իրանի գլխավոր հյուպատոսության համատեքստում Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մտադիր է մոտ ապագայում հյուպատոսություն բացել Թավրիզում։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարևոր ուղերձ է պարունակում, ըստ որի՝ Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին և կողմնակից է տարածաշրջանի զարգացմանը: Նա հավելել է նաև, որ հետաքրքրված են Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմամբ:

Երկուստեք արձանագրվել է, որ ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մի շարք այլ բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային և տևական խաղաղությանն առնչվող հարցերի: Քննարկման առանցքային հարցերից է եղել հայ-իրանական ռազմավարական երկխոսությունը բոլոր ուղղություններով, ինչպես նաև երկրների միջև ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու հեռանկարը: Իրանի արտգործնախարարը նշել է, որ մեկ միլիարդ դոլարի կարելի է հասնել առաջին փուլով, իսկ երկրորդ՝ առավել հեռանկարային փուլում, իրատեսական է համարել 3 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության հասնելը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ողջույններ է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին՝ նշելով, որ գործընկերոջը սպասում է Հայաստանում:

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության մասին

2021 թվականի դեկտեմբերին Իրանի կառավարությունը որոշեց գլխավոր հյուպատոսություն բացել Հայաստանի Կապան քաղաքում (Սյունիքի մարզի վարչական կենտրոն, որը սահմանակից է Իրանի և Ադրբեջանի հետ): Այս տարվա օգոստոսին Մորթեզա Աբեդին Վարամինը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս։

2022 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ներկայությամբ տեղի ունեցավ Կապանում Գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը։

Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Սյունիքի մարզը Հյուսիս-հարավ ճանապարհի կարևորագույն հատվածներից մեկն է, և պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքերը գործադրել այս տարանցիկ ուղու զարգացման համար։ Հայաստանի նախարարն իր հերթին ասել է, որ գլխավոր հյուպատոսության արդյունավետ աշխատանքը կբարձրացնի երկու երկրների միջև հատուկ հարաբերությունների մակարդակը, ինչը կխթանի երկկողմ համագործակցությունը և հայ-իրանական կապերի զարգացումը։