Բավ է պառակտվել
25-09-2022 13:40

Իրանն անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն․ Աբդոլլահիան՝ Միրզոյանին

Իրանն անթույլատրելի է համարում տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Աբդոլլահիանն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

Զրուցակիցները ընդգծել են տարածաշրջանում խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու կարևորությունը, հայտնում հայկական ԱԳՆ մամլո ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ առանձնահատուկ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ դուրսբերման և ագրեսիայի հետևանքների վերացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքի նշանակությանը՝ հայ նախարարը կարևորել է իրանական կողմի սկզբունքային դիրքորոշումը ստեղծված իրավիճակի և դրա հանգուցալուծման առնչությամբ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ։ Կարևորվել է երկկողմ օրակարգը հարստացնելու նպատակով համատեղ ջանքերի իրականացումը, հատկապես էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում:

Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿԻ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում։