Իրանը չի աջակցում Ուկրաինայի հակամարտության կողմերից ոչ մեկին և դեմ է ինչպես Կիևին, այնպես էլ Մոսկվային օտարերկրյա զենք մատակարարելուն։ Այդ մասին երկուշաբթի օրը հրապարակված Al-Monitor-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք համաձայնագիր ունենք Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ, սակայն մենք չենք աջակցում ուկրաինական պատերազմի կողմերից ոչ մեկին, քանի որ դա կբերի դրա շարունակմանը: Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պատերազմի՝ լինի դա Ուկրաինայում, Եմենում, թե Պաղեստինում, ուստի մենք ջանքեր ենք գործադրել Ուկրաինայում խաղաղության և զինադադար հաստատելու համար»,-ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Իրանն իր անօդաչու սարքերը մատակարարում է Ռուսաստանին։
«Մենք կարծում ենք, որ կողմերից ոչ մեկն իրավունք չունի զենք մատակարարել ո՛չ Ուկրաինային, ո՛չ Ռուսաստանին։ Մենք պատրաստվում ենք աջակցել քաղաքական երկխոսությանը և այս ճգնաժամը բանակցությունների միջոցով լուծելուն»,-ասել է Իրանի արտգործնախարարը։
Օգոստոսին The Washington Post-ը հրապարակեց հոդված, որտեղ ասվում էր, որ Իրանը Ռուսաստանին է մատակարարում իր անօդաչու թռչող սարքերը, հետագայում նմանատիպ հայտարարություններ հնչեցրին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրությունները լցոնում է անվանել։