Բավ է պառակտվել
27-11-2022 15:59

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՇՀԿ-ին անդամակցությանը

Իրանի խորհրդարանն (Մեջլիս) ձայների մեծամասնությամբ ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցության մասին օրինագիծը, հայտնել է կիրակի Mehr գործակալությունը։
Ըստ գործակալության՝ օրինագծին կողմ է քվեարկել 205, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Աբուլֆազլ Ամուին, ում մեջբերում է գործակալությունն, ասել է, որ «Իրանի անդամակցության պայմանը կազմակերպության կողմից մինչ այժմ ընդունված բոլոր փաստաթղթերի հաստատումն է»։ «Եթե ՇՀԿ-ն մոտ ապագայում հաստատի որևէ նոր փաստաթուղթ, Մեջլիսը նույնպես պետք է քննարկի և հաստատի այն»,- ընդգծել է Ամույին։
Սեպտեմբերի 30-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ստորագրել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը երկրի միանալու մասին օրինագիծը։ Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդմամբ՝ Ռաիսին օրենքի նախագիծն ուղարկել է երկրի խորհրդարանի քննարկմանը։
Սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կայացավ ՇՀԿ գագաթնաժողովը։ Մասնակից երկրների ղեկավարներն, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդիպել են նեղ և ընդլայնված կազմով, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ են անցկացրել։ Արդյունքում մեկնարկել է Բելառուսը որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու գործընթացը, Իրանը ստորագրել է ՇՀԿ-ին միանալու պարտավորությունների հուշագիր։ Եգիպտոսն ու Կատարը դարձել են գործընկերներ, իսկ Բահրեյնը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանմարը և ԱՄԷ-ն սկսել են այդ կարգավիճակի ձեռքբերման գործընթացը։