Բավ է պառակտվել
20-09-2019 16:26

«Իշխանությունը ընկել է իր լարած ծուղակը»․ Անի Սամսոյանը

«Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթացը, որն իրականացվելու Ազգային ժողովի լիազորությունների շրջանակում։ Լուսավոր Հայաստան խմբակցությունում այս նախագիծը ուսումնասիրում են։ Gisher.news—ի հետ զրույցում պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ ներկայացնող կողմը՝ այս դեպքում «Իմ քայլը» խմբակցությունը պետք է փաստերով հիմնավորի՝ թե ինչու են ցանկանում անվստահություն հայտնել ՍԴ նախագահին։
«Եթե կա մասնավոր շահերի բախում, եթե կա հովանավորչություն և այլն, դեռ պետք է հասկանալ։ Հիմա իրավիճակ է ստեղծվել,որ իշխանությունը ընկել է իր լարած ծուղակը։ Ստեղծել է արհեստական ճգնաժամ ու հիմա ամբողջ ուժերով պայքարում է այդ արհեստական ճգնաժամի դեմ։ Իսկ ՍԴ –ում այս պահին որևէ ճգնաժամ չկա»,–ասաց պատգամավորը։
Անդրադառնալով արդեն մեկ այլ թեմայի, այն է Ջերմուկում Ամուլսարի շահագործման խնդրով պայմանավորված այսօրվա բողոքի գործողություններին, ասաց, որ դա բնական արձագանք է այն իրադարձություններին եւ հայտարարություններին, որոնք տեղի են ունենում։
Մեկնաբանելով մամուլում առկա տեղեկությունները, թե Փաշինյանը միտված է Ամուլսարը շահագործելու որոշմանը, Անի Սամսոնյանը նշեց. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունները հանգում են նրան, որ այդ որոշումը կա: Այլ է հարցը, թե ինչպես այն մատուցել ժողովրդին եւ ինչպես բացատրել, որ ճանապարհները պետք է բացել: Մենք ջերմուկցիների մոտեցումը գիտենք, այն կարծր է, նրանք չեն զիջելու: Նրանք պայքարում են կյանքի եւ առողջության համար, եւ նրանց որեւէ փաստարկ չի հետաքրքրում»,–ասաց Անի Սամսոնյանը։

 

Արմինե Գևորգյան