Բավ է պառակտվել
05-07-2018 21:37

Իշխանությունների նպատակն ամենևին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ - Նիկոլ Փաշինյան

«ՀՀ-ում օրինականության հաստատման գործընթացը անկասելիորեն շարունակվելու է»,- Գորիս քաղաքում Սյունիքի մարզի համայնքապետերի հետ խորհրդակցության ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ իշխանությունների նպատակն ամենևին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ, այլ պետությանն ու երկրին հասցված վնասը վերականգնելն է: «Նայում եմ լուրերը, ասում են՝ այսօր նրան բռնեցին, այսինչին խուզարկեցին, ես ուզում եմ, որ մենք 37 թվի տեռորի մթնոլորոտի մեջ չհայտնվենք: Չի կարող լինել նման բան, ՀՀ-ում ամենամեծ պրոբլեմը արդարությունն է եղել, և ամեն ինչ պետք է լինի արդար, մարդկանց իրավունքները պետք է պաշտպանվեն, և սա մեզ համար սկզբունքի հարց է»,- հավելեց Փաշինյանը:

Նա նշեց, որ Հայաստանում մարդիկ շատ արագ պետք է զգան փոփոխություններն իրենց կյանքում: Այսօր արդեն զգում են այդ փոփոխությունները կոռուպցիայի դեմ պայքարում, օրենքի գերակայության տեսնակյունից, հաջորդ փուլում մարդիկ այդ փոփոխությունները պետք է տեսնեն իրենց քաղաքում, երրորդ փուլում՝ իրենց բակում, չորրորդ փուլում՝ արդեն իրենց ընտանիքի կենսամակարդակի, ապրելու պայմանների մեջ: «Եվ ցանկացած ոք, ով պատրաստ է լրիվ ազնիվ ծառայել այդ նպատակին, մենք պատրաստ ենք աշխատել այդ մարդկանց հետ, օգնել նրանց, ստանալ նրանց օգնությունը»,- ասաց նա:

Վարչապետը համայնքապետերին կոչ արեց գալ օրինականության դաշտ, զգուշացրեց՝ այլապես խնդիրները կլուծեն իրավապահները: «Հիմա շատ է համայնքներում տարածված այն երևույթը, որ գոյություն չուենցող աշխատողներ են գրացվում: Սա շատ վատ երևույթ է: Ես կոչ եմ անում բոլորին, որ եթե այդպիսի երևույթներ կան, րոպե առաջ վերացվեն, բանը չհասնի նրան, որ իրավապահները գան ու պատժիչ գործողություններ իրականացնեն: Ես չեմ կարծում, որ արդյունավետության բարձրացման խնդիրը մենք պետք է լուծենք իրավապահ մարմինների միջոցով: Դա ձեզնից յուրաքանչյուրի օրակարգի հարցը պետք է լինի, որ պետական միջոցները ծախսվեն մաքսիմալ արդյունավետ ու նպատակային»,- ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ գործարարներին արդեն ասել է, որ նրանք ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորությունից: «Հիմա բոլորին եմ ասում՝ բոլորը որևէ կոռուպցիոն պարտավորությունից ազատված են: Այսօր չարաշահումների դեպքեր կան, մարդիկ գալիս ցուցմունք են տալիս, ասում են՝ այսինչը փող ուզեց, չգիտեի ոնց լուծեի այդ հարցը, գնացի չարաշահումների, որ վերևներին վճարեմ: Սա խայտառակություն է»,- նշեց նա:

Ըստ Փաշինյանի՝ եթե որևէ պաշտոնյա ասել է, որ պատարստ է ծառայել ժողովրդին, նա պետք է իրոք ծառայի ժողովրդին: Իսկ եթե որևէ մեկն ուզում է ծառայել իր ընտանիքի կամ շրջապատի բարեկեցությանը, ոչ ոք նրա ձեռքը չի բռնել, բայց նա չպետք է լինի պաշտոնյա:

«Ժողովրդին ծառայելու համար մենք շատ հաճախ պետք է զոհաբերենք, զոհասեղանին դնենք մեր անձը, մեր ընտանիքների, նույնիսկ մեր երեխաների շահերը: Որպես վարչապետ՝ ես իմ խնդիրը համարում եմ, որ հարցին այսպես չմոտեցող որևէ պաշտոնյա ՀՀ-ում չպետք է լինի, անկախ նրանից, թե ինքն ինչ մակարդակի պաշտոնյա է»,- ասաց Փաշինյանը: